ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոտի-Արմենիա/. Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է տրամադրել Բեսլանի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի վերաբերյալ:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 29 ուղևոր:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը, հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ԱՆ–ի տրամադրած տեղեկատվությանը, Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Չորեքշաբթի Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այս կլինիկա է տեղափոխվել ևս մեկ ՀՀ քաղաքացի, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։
Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում