Հայաստանում ռուս-թուրքական VisaMetric ընկերության գործունեությունը կարող է արգելափակվել. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանում կարող է արգելափակվել VisaMetric-ի գործողությունը: Դա կարող է տեղի ունենալ, եթե խախտումներ բացահայտվեն անձնական տվյալների գաղտնիության ապահովման տեսանկյունից, այդ մասին հինգշաբթի ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ինչպես նշվում էր ավելի վաղ, ապրիլի 3-ից սկսած Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն այլևս չի ընդունի Շենգենյան վիզայի դիմումներ Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա ու Շվեդիա այցելելու համար: Նշվում էր նաև, որ դեսպանատունը կփոխանցի այս լիազորությունները ռուս-թուրքական VisaMetric կոնսորցիումին, որը երեք տարի ժամկետով շահել է Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի երկրներում ծառայություններ տրամադրելու մրցույթը: Սակայն ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգման գործընթաց է սկսել` բացահայտելու համար, թե որքանով է VisaMetric ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
«Հարցը պետք է ամբողջությամբ ուսումնասիրել, քանի որ Հայաստանի համար անթույլատրելի է, որպեսզի անձնական տվյալների գաղտնիությունը դրվի վտանգի տակ, ու այդ հարցի ուսումնասիրության արդյունքում կընդունվի որոշում», - ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ մինչև վերջնական որոշում ընդունելը Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն արդեն հայտարարել է, որ կգործի վիզաների դիմումների ընդունման հին ձևը:
Պատասխանելով Հայաստանում VisaMetric-ի գործունեության արգելափակման չեղարկելու մասին հարցին, փոխնախարարը հայտնեց, որ հարցը դեռ քննարկվում է:
«Հայաստանում գործում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, ու եթե գոություն ունի այդ գաղտնիության խախտման վտանգը, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք», - ասաց Քոչարյանը:-0-

