ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Գործադիրը հինգշաբթի ընդունել է օրինագիծ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ու իրականացումը արգելելու մասին:
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ըստ Հայաստանի օրենսդրության, երկրում հաստատված է աջակողմյան երթևեկություն:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:
Նախարարը նշեց, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա:
Մարտիրոսյանը նշեց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն 28 տոկոսով ավելի է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակը 39 տոկոսով ավել է:
«Հայաստանում կա ավելի քան 36 հազար աջակողմյան մեքենաներ: Այդ մեքենաների միայն 13,1 հազարը ներմուծվել է Հայաստան 2017 թվականին: Ըստ այդմ, Հայաստանում ամեն տարի ավելանում է աջակողմյան մեքենաների ներմուծումը: Եթե դա շարունակվեր հետագա տարիներին, ապա մենք ստիպված կլինեինք փոխել երթևեկությունն աջակողմանիի, ինչը շատ ավելի դժվար է», - ավելացրեց Մարտիրոսյանը:-0-