ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանում կինը լույս աշխարհ է բերել մեկ տղա և երկու աղջիկ վեց օրվա ընդմիջումով, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։
Փետրվարի 21–ին կնոջ մոտ, ով եռյակ էր սպասում, սկսվում են երկունքի ցավերը։ Նրան տեղափոխում են Խուբեյ գավառի Իչան քաղաքի հիվանդանոց։ Երբ լույս աշխարհ է գալիս առաջին երեխան երկունքի ցավերը դադարում են։ Քանի որ ծննդաբերությունը սկսվել էր ժամկետից ութ շաբաթ շուտ, մանկաբարձները որոշում են չշտապել։
Փետրվարի 28–ին երկունքի ցավերը վերսկսվում են, և կինը լույս աշխարհ է բերում երկվորյակ աղջիկների։ Ոչ բավարար քաշի պատճառով բոլոր երեք նորածիններին տեղափոխում են վաղածին երեխաների բաժանմունք։
«Քսան տարի է աշխատում եմ որպես բժիշկ և առաջին անգամ եմ տեսնում, որ ինչ–որ մեկը ծննդաբերում է վեց օրվա ընդմիջումով», – նշել է հիվանդանոցի գլխավոր մանկաբարձ Չեն Այխուան։–0–