Հայաստանը ձգտում է առաջատար երկիր դառնալ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների ոլորտում (ՎԻԴԵՈ)
21:08
27 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խնդիրներից մեկն է` առաջատար երկիր դառնալ արհեստական ինտելեկտի և տեխնոլոգիաների բնագավառում, ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում անցկացվող Crans Montana Forum-ի ընթացքում։
«Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Մենք պատրաստ ենք 21-րդ դարին, քանի որ ունենք համաշխարհային ցանց։ Հայաստանը տքնաջան աշխատող մարդկանց երկիր է, մի ժողովուրդ, որը կարող է նոր տեխնոլոգիաներ բերել իր երկիր»,– Սարգսյանի խոսքն է մեջբերում նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը նշել է, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև նրանց ժամանակաշրջանը, ովքեր, լինելով փոքր, հաջողակ են։
«Հայաստանի նման երկրների համար կարևոր է ունենալ առաքելություն։ Այն համախմբում է մարդկանց։ Իմ երկրի առաքելություններից մեկը լինելու է աշխարհում արհեստական բանականության ու տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր լինելը։ Փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, այն կարող է լինել նաև հաջողակ։ Ես շատ լավատես եմ»,– ընդգծել է նախագահը։
Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում տարեկան աճում է 20-25 տոկոսով, այդ հատվածում գործում է մոտ 500 ընկերություն։ 2017 թվականի տվյալներով, ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմել է մոտ 4 տոկոս։ -0-