Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին

05.12.2016, 18:23
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն, երկուշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սահմանադրական բարեփոխումներից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2017 թ.-ի գարնանը։

«Առաջին հերթին, ՀՀԿ-ն իրականացնում է վերաբրենդավորում` նոր մարդկանց գրավելու միջոցով: Երկրորդ, այն համաձայնության կգա ընդդիմության հետ և հնարավորություն կտա նրան մտնել խորհրդարան: Երրորդ, կստեղծի սփոյլերներ` ձայների որոշակի քանակ չեղարկելու համար: Կարծում եմ` ռազմավարությունը հաջող կլինի», - ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով, կուսակցության վերաբրենդավորումը, որի շրջանակում դրա անդամներն են դարձել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև պաշտպանության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ-ի նախարարները, Հայաստանի բնակիչներին հույս է ներշնչել: Սակայն, քաղաքագետի կարծիքով, չնայած, որ վերաբրենդավորումն իր արդյունքներին հասել է, երկարաժամկետ հեռանկարում դրա արդյունքները կարող են հիասթափեցնել:

«Հայ հասարակությունը սպասում է այն երջանիկ պահին, երբ «լավ տղաներ» կգան, և ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Այդպես չի լինում, Հայաստանում ցանկացած խնդիր տասնյակ տարիների աշխատանք է պահանջում: Բարեփոխումների իրականացման ընթացքում կլինեն և վերելքներ, և անկումներ», - ասաց Իսկանդարյանը:

Նա նշեց, որ հարցը կոնկրետ Կարեն Կարապետյանի անձը չէ, այլ` օբյեկտիվ իրականությունը:

«Եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցներ Կոնֆուցիոսը, նույնը կլիներ», - ասաց Իսկանդարյանը: -0-