Հայաստանը ՄՄ մտնելու հնարավորություն ունի 2015 թ.–ի սկզբին. ՌԴ ՏԶՆ փոխնախարար

24.12.2013, 19:33
Հայաստանը ՄՄ մտնելու հնարավորություն ունի 2015 թ.–ի սկզբին. ՌԴ ՏԶՆ փոխնախարար
Հայաստանը ՄՄ մտնելու հնարավորություն ունի 2015 թ.–ի սկզբին. ՌԴ ՏԶՆ փոխնախարար

Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության անդամ դառնալու հնարավորություն ունի 2015 թ.–ի սկզբին, կարծում է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը։

«Հնարավորություններ կան, սակայն դուք հասկանում եք, որ մենք դեռ խոսում ենք Մաքսային միության մասին», –  ասել է Լիխաչյովը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը մինչև 2015 թ.–ի հունվարի 1–ը անցնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղախաստանի Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, երբ պետք է ուժի մեջ մտնի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
 
Երեքշաբթի Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ հաստատվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։

Լիխաչյովը պարզաբանել է, որ ճանապարհային քարտեզում նշված չեն կոնկրետ ժամկետները, թե երբ Հայաստանը պետք է դառնա միության լիիրավ մասնակից։

«Ժամկետները կորոշվեն բանակցային գործընթացի միջոցով և նորմատիվային բազայի պատրաստակամությամբ», – ասել է փոխնախարարն` ավելացնելով, որ ժամկետները, մասնավորապես, կախված կլինեն այն բանից, թե ինչպես համապատասխան փաստաթղթերը կանցնեն վավերացման ընթացակարգերը։

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն իր հերթին ենթադրել է, որ Հայաստանին մոտ կես տարի կպահանջվի Մաքսային միություն մտնելու հետ կապված ընթացակարգերն անցնելու համար։ Այդ ընթացակարգերի թվում նա նշել է ստուգումները, որոնք կիրականացվեն Հայաստանի ինստիտուտների վերակազմավորման պատրաստակամությունը ստուգելու և Մաքսային միության նորմերին դրանց համապատասխանության նպատակով։–0–