Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Բաքուն կփորձի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման դիմել. փորձագետ

02.02.2012, 15:41
Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Բաքուն կփորձի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման դիմել. փորձագետ
Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Բաքուն կփորձի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման դիմել. փորձագետ

Ադրբեջանը կփորձի ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման դիմել այն դեպքում, եթե Արևմուտքն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, հինգշաբթի ««Մեծ Կովկասը» պատժամիջոցների և սպառնալիքների լուծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

 «Իրանում ռազմական գործողությունների սկիզբն ամենից շատ կազդի Հայաստանի վրա, և մենք չպետք է անուշադրության մատնենք Ղարաբաղում Ադրբեջանի կողմից պատերազմ նախաձեռնելու հնարավորությունը: Դա, իմ կարծիքով, լիովին հավանական է»,- ասաց Սաֆրաստյանը:

Նա նշեց նաև, որ Իրանի պատերազմը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, քանի որ հայ-իրանական սահմանը մնացած աշխարհի հետ Հայաստանին կապող հիմնական միջանցքն է, «իսկ պատերազմի մեկնարկից հետո, բնականաբար, սահմանը կփակվի»:

 «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանն իր հերթին նշեց, որ Իրանի պատերազմն աղետ կդառնա տարածաշրջանի համար:

 «Իրանը տարածաշրջանում առանցքային երկիր է, այդ երկրով է պայմանավորված ուժերի այն հավասարակշռությունը, որն ապահովում է Հարավային Կովկասի գրեթե բոլոր երկրների տարածաշրջանային անվտանգությունը»,- ասաց նա:

Իրանագետն ընդգծեց նաև, որ Հայաստանի համար հարևան երկրում պատերազմի սկիզբը մեծ խնդիր կդառնա՝ հաշվի առնելով Իրանում առկա հայկական սփյուռքը: «Այն այդքան էլ բազմաթիվ չէ, որքան 30 տարի առաջ էր, բայց ամեն դեպքում Իրանի դեմ ուղղված բոլոր գործողությունները կհանգեցնեն նրան, որ հայկական սփյուռքը կարող է մեկնի այնտեղից, և Իրանում հայկական մշակութային և պատմական ժառանգության հսկայական շերտը հնարավոր է պարզապես անհետանա»,- ավելացրեց նա:

Միաժամանակ նա նշեց, որ Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներն արդեն Հայաստանի համար բացասական հետևանքների են հանգեցրել:

 «Իրանում բյուջետային ծրագրավորում է սկսվել, և այժմ արդեն ակնհայտ է, որ Իրանը կկրճատի արտերկրում առկա ներդրումային նախագծերը: Դա վերաբերում է նաև այն նախագծերին, որոնք իրականացվում են Հարավային Կովկասում, իսկ մեզ համար հայ-իրանական տնտեսական նախագծերը շատ կարևոր են»,- ընդգծեց փորձագետը: -0-