ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական տանդեմը պարտություն է կրել. պատգամավոր

30.01.2012, 18:28
ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական տանդեմը պարտություն է կրել. պատգամավոր
ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական տանդեմը պարտություն է կրել. պատգամավոր

Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ենթակոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է ադրբեջանաթուրքական տանդեմի պարտություն համարել, կարծում է ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

ԵԽԽՎ ենթակոմիտեն երկար ընդմիջումից հետո 2011թ.-ի հունվարին վերսկսեց իր գործունեությունը՝ չնայած հայկական կողմի բողոքներին, որն անթույլատրելի էր համարում այդ կառույցի միջամտությունը ղարաբաղյան գործընթացին: Հայաստանի կողմից բոյկոտի ենթարկվող ենթակոմիտեի գործունեության վերսկսման նախաձեռնողը ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն էր, ով Թուրքիան էր ներկայացնում: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Եվրոպայի Խորհրդրի Խորհրդարանական Վեհաժողովի նոր ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը հայտարարել էր, որ այդ կառույցի գործունեությունը շուտ չի վերսկսվի՝ չբացառելով նաև այն հանգամանքը, որ հնարավոր է՝ ընդհանրապես չսկսվի: Շատ փորձագետներ դա թուրքական դիվանագիտության պարտություն անվանեցին:

«Վերջապես վեհաժողովում գերակշռում է սթափ մտածողությունը Չավուշօղլուի նախագահության ժամանաշրջանից հետո, ով ԵԽԽՎ ղեկավարի պարտականություններին անցնելով, զբաղվում էր Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանաթուրքական լոբբիի շահերն առաջ տանելով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զոհրաբյանը:

Ըստ նրա, ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ժամանակ Մինյոնի ղեկավարությամբ և հանձնաժողովների նորընտիր ղեկավարների մասնակցությամբ շատ խելամիտ որոշում է ընդունվել:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն իր ներկայացուցիչը չունի ԵԽԽՎ Բյուրոյում, բայց հայկական պատվիրակության անդամները տեղեկություն ունեն, ոոր ենթակոմիտեի աշխատանքները սառեցվում են, նոր խորհրդակցություններ կանցկացվեն հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հետ, որոնք արդյունքում կորոշվի, որքանով է ճիշտ շարունակել դրա աշխատանքը:

«Նախկինում չէր հաջողվում նման սթափ որոշման հասնել, քանի որ Չավուշօղլուն իր առջև խնդիր է դրել գոնե այդ հարցում հաջողության հասնել՝ այդ անիմաստ ենթակոմիտեի աշխատանքների արդյունքում վատ հակահայկական բանաձև ստանալու նպատակով»,- հայտնեց պատգամավորը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-