Իրանում միջուկային զենքի առկայությունն առասպել է. հայ փորձագետ

12.01.2012, 13:49
Իրանում միջուկային զենքի առկայությունն առասպել է. հայ փորձագետ

Իրանում միջուկային զենքի առկայությունն առասպել է, իսկ ապագայում այդ զենքի ստեղծումը՝ քիչ հավանական, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է արևելագետ Մհեր Բաղդասարյանը:

«Արդեն 6-7 տարի է՝ ԱՄՆ-ն մշտապես հայտարարում է Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքների շուտափույթ ավարտի մասին: Դա Իրանի կողմից տարածաշրջանում վարած քաղաքականության տրամաբանական արձագանքն է», - ասել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Իրանն ուժեղացրել է իր դիրքերը տարածաշրջանումը, ինչը Արևմուտքի դժգոհության առիթ է դառնում:

«Բնական է, որ ԱՄՆ-ն և մի շարք այլ պետություններ դեմ են տարածաշրջանում Իրանի դիրքի ուժեղացմանը, քանի որ նման ուժեղացումը կարող է առաջին հերթին հանգեցնել նավթի թանկացմանը, ինչը պակաս կարևոր գործոն չէ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի համար», - նշել է Բաղդասարյանը:

Փորձագետի կարծիքով՝ եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, ապա Հայաստանը տնտեսական տեսակետից կտուժի, քանի որ լուրջ գործընկեր կկորցնի:

«Իրանի հետ մեր հարաբերությունները բավականին արդյունավետ են ընթանում, և դա դուր չի գալիս Արևմուտքին, սակայն նրանք չեն կարողանում ազդել այդ գործընթացի վրա, քանի որ Իրանի հետ հարաբերությունների խզման դեպքում մենք տնտեսական խնդիրներ կունենանք», - ավելացրել է արևելագետը:
ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ ատոմի ծրագրի քողարկման ներքո միջուկայի զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:-0-