ՀՀ ոստիկանության ղեկավարը հերքել է գերատեսչության կադրային ջարդի վերաբերյալ խոսակցությունները

12.01.2012, 13:18
ՀՀ ոստիկանության ղեկավարը հերքել է գերատեսչության կադրային ջարդի վերաբերյալ խոսակցությունները
ՀՀ ոստիկանության ղեկավարը հերքել է գերատեսչության կադրային ջարդի վերաբերյալ խոսակցությունները

ՀՀ ոստիկանության կադրային ջարդի վերաբերյալ խոսակցություններն անտեղի են և չեն համապատասխանում իրականությանը, հայտնեց գերատեսչության պետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ճիշտ է, որ ես կադրային վերադասավորումներ եմ անցկացնում, և այդ կադրային վերադասավորումները պայմանավորված են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ»,- հինգշաբթի կառավարական նիստից հետո լրագրողներին ասաց նա:

Գասպարյանը նշեց, որ ուռճացված հաստիքներն ու ավելորդ ստորաբաժանումները, ոչ ճիշտ բաշխված աշխատանքը միայն իջեցնում են կառուցվածքի գործունեության արդյունավետությունը:
«Կան կադրեր, որոնք հեռացվում են, քանի որ ես կարծում եմ, որ նրանք սպառվել են, և նրանք համաձայնան են ինձ հետ: Կան մարդիկ, ովքեր պարզապես զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, նրանց արդյունավետությունը զրոյական է, նրանք պետք է գոյություն չունենան: Ես կարծում եմ, որ արդյունքն ավելի լավ կլինի, քանի որ կրճատելով այդ ուռճացումը, մենք ավելի լավ կաշխատենք»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ոչ մի նորմալ աշխատակից համակարգից դուրս չի մնա:

Նախկինում ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանը 2011թ.-ի նոյեմբերի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է Ոստիկանության պետի պաշտոնում: Նրա նշանակումից հետո կառուցվածքում մի շարք կադրային վերադասավորումներ են տեղի ունեցել:

Մեկնաբանելով վերջերս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի հրաժարականը, Ոստիկանության պետն ասաց, որ Մուրադխանյանը չի հեռացվել աշխատանքից, այլ ընդգրկված է կադրային ռեզերվում, որտեղ աշխատում և աշխատավարձ է ստանում: 

«Եթե նա հեռացված չէ համակարգից, նշանակում է նրան անպայման նոր աշխատանքի կնշանակեն»,- ասաց նա՝ կրկնելով, որ Ոստիկանության համակարգում գործում է ռոտացիոն սկզբունքը:

Ոստիկանության ղեկավար Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ հունվարի 9-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով նախկինում զբաղեցրել է Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնը՝ ուսումնական և գիտական մասով: -0-