Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը. փորձագետ

10.01.2012, 13:38
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը. փորձագետ
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը. փորձագետ

Ֆրանսիական ղեկավարությունը լրջորեն պատրաստ է ավարտին հասցնել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հավանական է, որ ֆրանսիական ղեկավարությունը լրջորեն պատրաստ է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը և պատրաստ է ճնշում գործադրել Թուրքիայի վրա»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացի աշխուժացումն ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական բաղադրիչ:

«Ֆրանսիային, որն արաբական երկրներում էական դեր է խաղում, ակնհայտ դուր չեն գալիս Թուրքիայի՝ Մերձավոր Արևելքում կենտրոնական դեր ունենալու փորձերը: Որոշակի մրցակցություն է նկատվում»,- ասաց փորձագետը:
Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանում հաճախ սխալ են ընկալում այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացների շուրջ:

«Սա ընկալվում է որպես հայկական համայնքի լոբբինգի արդյունք և որպես ցեղասպանության հանցագործության գնահատման խնդիր: Առաջինն ու երկրորդն էլ, անշուշտ, հնարավոր են, բայց դա բոլորովին էլ այդքանը չէ: Ֆրանսիան ունի իր ներքին պատճառները Եվրոպական և մերձարևելյան գործերին Թուրքիային և թուրքական մասնակցությանը դիմակայելու համար»,- ընդգծեց նա:

Քաղաքագետն ավելացրեց, որ այս համատեքստում ցեղասպանության ժխտման քրեականացումը կարող է Ֆրանսիայում օգտագործվել որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկը «ֆրանսիական ինքնուրույն խաղում, որի հետ Հայաստանը որևէ կապ չունի»:
«Այդ խաղի շրջանակներում, կարծում եմ, ցեղասպանության ժխտման քրեականացումը իսկապես հնարավոր է»,- ասաց նա:

Ֆրանսիացի խորհրդարանականների կողմից հաստատված օրինագիծը 1915թ.-ի Օսմանյան կայսրության ցեղասպանության (երբ շուրջ 1,5 մլն հայ է սպանվել) ժխտման համար 45 հազար եվրոյի չափով տուգանք և մեկ տարվա կալանք է նախատեսում:

Օրենսդիրների որոշումը բացասական արձագանք գտավ Անկարայում: Թուրքական իշխանությունները հայտարարեցին Փարիզից իրենց դեսպանին հետ կանչելու, ինչպես նաև Ֆրանսիայի հետ ռազմական և այլ կապերի դադարեցման մասին: Սակայն, ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, երկուշաբթի Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ:

Ֆրանսիական խորհդրադարանի Վերին պալատը մտադիր է այս հարցը քննել հունվարի վերջին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-