Հայաստանն ամրապնդել է իր միջազգային հեղինակությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնելու շնորհիվ. փորձագետ

26.12.2011, 16:42
Հայաստանն ամրապնդել է իր միջազգային հեղինակությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնելու շնորհիվ. փորձագետ
Հայաստանն ամրապնդել է իր միջազգային հեղինակությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնելու շնորհիվ. փորձագետ

Հայաստանն ամրապնդել է իր միջազգային հեղինակությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնելու և երկկողմ արձանագրությունները ստորագրելու շնորհիվ, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Եթե ընդհանուր առմամբ գնահատենք կարգավորման գործընթացի արդյունքները, ապա կարելի է ասել, որ մենք դուրս եկանք ոչ միայն ոչինչ չկորցրած, քանի որ մենք որևէ հարցի շուրջ զիջման չգնացինք, այլև կարողացանք բարձրացնել մեր միջազգային հեղինակությունը, իսկ դա շատ կարևոր գործոն է փոքր, երիտասարդ երկրի համար, որին շատերը դեռ զգուշությամբ են նայում», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ երբ Երևանը ցույց տվեց, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ, Հայաստանին միջազգային հարթակում սկսեցին մեծ լրջությամբ ընդունել:
«Միջազգային հեղինակությունը շատ դժվար է ձեռք բերել, սակայն շատ հեշտ է կորցնել: Այդ պատճառով մենք պետք է աշխատենք պահպանել և ավելացնել այն», - ավելացրեց Սաֆրաստյանը:
Նա նաև նշեց, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների ստորագրումը պայմանավորված էր 2008թ.-ին Հարավային Օսեթիայում հնգօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում նկատվող աշխարհաքաղաքական տեղաշարժերով, ինչի արդյունքում Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ուժեղացավ, իսկ Թուրքիայինը՝ թուլացավ:

«Թուրքիան Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման փորձի միջոցով փորձեց որևէ կերպ փրկել սեփական դիրքերը Հարավային Կովկասում, սակայն հետո տեսավ, որ այդ մերձեցման գինը շատ մեծ է և հրաժարվեց այդ նախագծից», - նշեց փորձագետը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-