Սարկոզիի հայրը թուրք վարչապետին պատասխանել է, որ երբեք չի ծառայել Ալժիրում

23.12.2011, 20:07
Սարկոզիի հայրը թուրք վարչապետին պատասխանել է, որ երբեք չի ծառայել Ալժիրում
Սարկոզիի հայրը թուրք վարչապետին պատասխանել է, որ երբեք չի ծառայել Ալժիրում

Ֆրանսիայի նախագահի հայրը՝ Փալ Սարկոզին, պնդում է, որ երբեք չի ծառայել Ալժիրում՝ պատասխանելով թուրք վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ ֆրանսիացիներն այդ երկրում ցեղասպանություն են իրագործել:

Ուրբաթ՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի հաստատման հաջորդ օրը, Էրդողանը պատասխան քննադատությամբ է հանդես եկել: Նա հայտարարել է, որ Ալժիրում անկախության համար մղվող պատերազմի ժամանակ ցեղասպանություն է իրագործվել և, ըստ նրա, 1945թ.-ից սկսած ֆրանսիացիները սպանել են բնակչության 15 տոկոսին: Թուրք վարչապետն ավելացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «կարող է այդ մասին հարցնել իր հորը... ով 40-ական թվականներին լեգեոներ է եղել Ալժիրում»:

«Ես երբեք չեմ եղել Ալժիրում, ես չեմ մեկնել Մարսելից (ծառայությամբ): Եվ (Արտասահմանյան)  լեգեոնում չորս ամիս եմ ծառայել, այնուհետև ինձ տեղափոխեցին հիվանդության պատճառով: Ամեն ինչ նկարագրված է իմ «Այնքան կյանք» (Tant de vie) գրքում, բավական է գնել և ընթերցել: Այնտեղ ներկայացված են բոլոր փաստաթղթերը, այդ ամենը ծիծաղելի հայտարարություններ են»,- BFM TV հեռուստաալիքի եթերում հայտնել է Փալ Սարկոզին:
Ֆրանսիացի խորհրդարանականների կողմից հաստատված օրինագիծը 1915թ.-ի Օսմանյան կայսրության ցեղասպանության (երբ շուրջ 1,5 մլն հայ է սպանվել) ժխտման համար 45 հազար եվրոյի չափով տուգանք և մեկ տարվա կալանք է նախատեսում: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի խորհրդարանի վերջին պալատը՝ Սենատը:
Անկարայում ավանդաբար չափազանց հիվանդագին են արձագանքում շատ պետությունների կողմից ճանաչված Հայոց ցեղասպանության համար մեղադրանքին: Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ զգուշացնում էին Ֆրանսիային, որ օրինագիծն ընդունելու դեպքում միջոցներ կձեռնարկեն: Ուրբաթ Փարիզից հեռացավ թուրք դեսպանը, ով հետ կանչվեց Անկարա: Դեսպանի հետկանչն Էրդողանը Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի առաջին պատասխան միջոցն անվանեց: -0-