Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են վերածվել արտահերթ նախագահական ընտրությունների. ընդդիմություն

21.12.2011, 18:31
Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են վերածվել արտահերթ նախագահական ընտրությունների. ընդդիմություն

2012 թվականի խորհրդարանական ընտրությունները կարող են վերածվել արտահերթ նախագահական ընտրությունների, եթե անցկացվեն ոչ թափանցիկ և անարդար, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը:

«2012 թվականը պետք է լեգիտիմ իշխանության տարի լինի: Մենք կպահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը և կհասնենք դրան կամ արդար և թափանցիկ ընտրությունների, կամ հեղափոխության ուղիով»,- ասաց Զուրաբյանը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ հեղափոխությունը խաղաղ կլինի, քանի որ «ՀԱԿ-ը պայքարի խաղաղ միջոցների մեծ զինանոց ունի»:

ՀԱԿ-ի առանցքային պահանջներն էին խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն հոկտեմբերի 8-ին շարժման առաջնորդը հայտարարեց, որ այդուհետ գլխավոր և հիմնական պահանջը Սարգսյանի անհապաղ հրաժարականն է դառնում:
ՀԱԿ-ի համակարգողը նշեց, որ արդար ընտրությունների չի սպասում, քանի որ «գործող իշխանությունները ոչինչ չեն անում դրա համար, իսկ միջազգային հանրությունն աչք է փակում Հայաստանում մարդու իրավունքների բացահայտ խախտումներին»:

«Մենք չենք հավատում իշխանությունների՝ արդար ընտրությունների անցկացման հավաստիացումներին: Եթե նրանք թափանցիկ ընտրություններ ցանկանային անցկացնել, ապա պետք է մի շարք քայլեր իրականացնեին, այն է՝ հրաժարվել մեծամասնական համակարգից, տեսախցիկներ տեղադրել բոլոր ընտրատեղամասերում, ապահովել ընտրացուցակների հասանելիությունն ընտրություններից հետո և այլն»,- ասաց նա:
«Եթե մեզ չհաջողվի հասնել արտահերթ նախագահական ընտրությունների, ապա մենք խորհրդարանական ընտրությունները կվերածենք գործող նախագահի ռեժիմի նկատմամբ անվստահության հանրաքվեի»,- հավելեց Զուրաբյանը: -0-