Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծում նախընտրական ենթատեքստ գոյություն չկա. Լեոնետի

21.12.2011, 17:33
Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծում նախընտրական ենթատեքստ գոյություն չկա. Լեոնետի

Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծում նախընտրական ենթատեքստ գոյություն չունի, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Ժան Լեոնետին:

«Եթե դա արվեր հայկական համայնքի ներկայացուցիչների ձայներ հավաքելու նպատակով, ապա, կարծում եմ, որ ընդդիմությունը չէր քվեարկի այդ փաստաթղթի օգտին»,- նախարարի խոսքերն է մեջբերում «Le Figaro» թերթը:
Ըստ նրա, սոցիալիստները կքվեարկեն պատգամավորի (Նիկոլա Սարկոզիի գլխավորած Ժողովրդական շարժում միություն կուսակցությունը ներկայացնող Վալերի Բուայե) և ոչ թե կառավարության կողմից ներկայացրած օրինագծի համար: Ավելին, Լեոնետին նշեց, որ օրինագիծը նախատեսում է բոլոր ցեղասպանությունների ժխտման քրեականացում և ուղղված չէ անմիջականորեն Թուրքիայի դեմ:

Լեոնետին կոչ է արել Թուրքիային նաև ճանաչել 20-րդ դարասկզբին իրականացրած Հայոց ցեղասպանությունը որպես «պատմական փաստ»:

«Հայոց ցեղասպանությունից անցել է գրեթե 100 տարի, դրա համար պատասխանատու բոլոր անձինք արդեն մահացել են, և Թուրքիային մնում է ընդամենը ճանաչել այն որպես «պատմական փաստ»»,- ասել է Լեոնետին «Radio Classique»-ին և «Public Sénat» հեռուստաալիքին:

Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի խորհրդարանի օրենսդրության հարցերով հանձնաժողովը հաստատել է հայոց ցեղասպանության փաստի ժխտման քրեականացման օրինագիծը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը մտադիր է դեկտեմբերի 22-ին քվեարկություն անցկացնել մի օրինագծի շուրջ, որը ենթադրում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք գեղասպանության ժխտման համար:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցի ժամանակ հույս է հայտնել, որ թուրք իշխանություններն ու հասարակությունը խելամիտ կգտնվեն հայոց ցեղասպանության հարցում, և դա կկատարվի իր պաշտոնավարման տարիներին: -0-