Հայ թուրքագետը կարծում է, որ թուրք քաղաքական գործիչների՝ հայկական իշխանությունների հասցեին արված հայտարարությունները էթիկայի նորմերին չեն համապատասխանում

13.12.2011, 15:02
Հայ թուրքագետը կարծում է, որ թուրք քաղաքական գործիչների՝ հայկական իշխանությունների հասցեին արված հայտարարությունները էթիկայի նորմերին չեն համապատասխանում
Հայ թուրքագետը կարծում է, որ թուրք քաղաքական գործիչների՝ հայկական իշխանությունների հասցեին արված հայտարարությունները էթիկայի նորմերին չեն համապատասխանում

Թուրք պաշտոնյաներն իրենց հայտարարություններում առավել հաճախ են դուրս գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների գծով պետական նախարար Էգեմեն Բաղիշի՝ վերջերս արած հայտարարությունը:

Բաղիշը Մարսելում հայկական համայնքի առջև ՀՀ նախագահի ելույթը համարել է «ինքնավստահ»: «Թող ոչ ոք չկասկածի...մենք գիտենք՝ ինչպես չեզոքացնել մեր ազգին ուղղված բոլոր բացասական գործողությունները... Ոչ ոք չի կարող ծնկի բերել թուրքերին», - մեջբերում են ԶԼՄ-ները Բաղիշի խոսքերը:

«Նմանատիպ հայտարարություններն արվեցին այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ մի օր թուրք պաշտոնյաները պատմական փաստերի ճնշման ներքո կխոնարհեն իրենց գլուխը Ծիծեռնակաբերդի պանթեոնում», - նշեց Մելքոնյանը:

Նրա կարծիքով՝ նախագահի հայտարարությունները հիմնավորված են և որևէ կերպ դուրս չեն գալիս էթիկայի նորմերի սահմաններից և չեն վիրավորում ոչ թուրքական պետությանը, ոչ անհատներին:

«Վերջերս թուրքական քաղաքականությունը հետընթաց է ապրում, և արձանագրությունների վավերացման գործընթացի ձախողումից հետո Թուրքիայի իշխանությունները խղճահար վիճակում են և դրա հետևանքով դուրս են գալիս էթիկայի սահմաններից», - նշեց նա: Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի քաղաքական վերնախավում որոշակի խումբ է ձևավորվել, որը օգտագործում է «ժարգոնային արտահայտություններ» պաշտոնական ելույթների ժամանակ:

«Հուսով եմ, որ առաջիկայում արժանի պատասխան կտրվի թուրք քաղաքական գործչի հայտարարությանը», - նշեց թուրքագետը: Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:-0-