Հարավկովկասյան տարածաշրջանում 2008 թվականից հետո տեղի ունեցող զարգացումներին է նվիրված ԱՌՀՀԿ նոր ժողովածուն

02.12.2011, 16:29
Հարավկովկասյան տարածաշրջանում 2008 թվականից հետո տեղի ունեցող զարգացումներին է նվիրված ԱՌՀՀԿ նոր ժողովածուն

Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, ինչպես նաև 2008 թվականին հաջորդած մարտահրավերներին է նվիրված Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի հոդվածների նոր ժողովածուն:

«Հարավային Կովկասը 2008 թվականից հետո» հոդվածների նոր հավաքածուն բաղկացած է երեք մասից՝ «Համաշխարհային քաղաքական բարեփոխումները և դրանց ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա», «Հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական կլիմայի փոփոխությունները» և «Հայաստանը քաղաքական փոփոխությունների համատեքստում»:

ԱՌՀՀԿ հիմնադիր, Հայաստանի ԱԳՆ առաջին ղեկավար և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ժողովածուն ընթերցողին է ներկայացնում տարբեր, իրենց հայացքներում հաճախ տարակարծիք  հեղինակների գաղափարների ազատ մրցակցությունը:
«Սա այլընտրանքային հասարակության և այլընտրանքային պետության կառուցման ամենաճիշտ ուղին է, չէ որ դրանք ծնվում են տարբեր գաղափարների և հայացքների բախման արդյունքում: Գիրքը Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների նկատմամբ միջկարգապահական և բազմակողմանի մոտեցում է»,- ասաց Հովհաննիսյանը Երևանում ժողովածուի շնորհանդեսի ընթացքում:

ԱՌՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանն իր հերթին նշեց, որ ժամանակն է, երբ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին իր դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ գիտական մակարդակով:
«Այս գրքով մենք փորձեցինք ներկայացնել մեր կոնցեպտուալ մոտեցումները կտարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ «Հարավային Կովկասը 2008 թվականից հետո» ժողովածուի ստեղծումը շատ կարևոր է տարածաշրջանային զարգացումներում կողմնորոշվելու Հայաստանի առջև կանգնած խնդիրների և մարտահրավերների ընկալման առումով:

«2008 թվականին հաջորդած ժամանակահատվածը շատ բարդ է եղել մեր տարածաշրջանի համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերլուծելու համար այն իրավիճակը, որը ստեղծվել է ռուս-վրացական պատերազմի և համաշխարհային այլ զարգացումների արդյունքում»,- ասաց նա:
Ժողովածուի հոդվածների հեղինակներն են հայտնի այնպիսի քաղաքագետներ, տնտեսագետներ և փորձագետներ, ինչպես Մանվել Սարգսյանը, Սարո Սարոյանը, Լալի Ճեղիլիշվիլին, Արտակ Շաքարյանը, Սերգեյ Մինասյանը, Սերգեյ Շաքարյանցը, Թաթուլ Մանասերյանը և ուրիշներ: -0