ԱՄՆ փոխվարչապետն Անկարայում կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները

29.11.2011, 11:41
ԱՄՆ փոխվարչապետն Անկարայում կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները

ԱՄՆ փոխվարչապետ Ջոզեֆ Բայդենը պատրաստվում է Անկարա կատարելիք իր այցի ընթացքում քննարկել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով փոխնախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոնի Բլինկենին:

«Հանդիպման ծրագրում, ամենայն հավանականությամբ, կլինեն Աֆղանստանը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման հեռանկարները»,- հայտնել է Բլինկենը:

Նա ասել է, որ փոխնախագահը կմեկնի Թուրքիա և Հունաստան այս շաբաթ: Նրա առաջին կանգառը կլինի Անկարան, որտեղ նա կժամանի դեկտեմբերի 2-ին:

Անկարայում նա կհանդիպի թուրք առաջնորդների հետ, այնուհետև կմեկնի Ստամբուլ, որտեղ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին, ուղերձով հանդես կգա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողմից անցկացվող ձեռնարկատիրության համաշխարհային գագաթնաժողովում:

Անկարայում Բայդենը հանդիպումներ կունենա նաև վարչապետի և նախագահ Աբդուլա Գյուլի հետ:

«Մենք ակնկալում ենք, որ Անկարայի բանակցություններում կողմերը կքննարկեն Թուրքիա-ԱՄՆ գործընկերության և համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ»,- նշել է Բլինկենը:

Թուրքիայից Բայդենը կմեկնի Հունաստան, որտեղ հանդիպումներ կանցկացնի երկրի նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսի և նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ:

Բայդենը հայրենիք կվերադառնա դեկտեմբերի 5-ին:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները, կանոնակարգի համաձայն, դուրս են բերվել թուրքական խորհրդարանից, քանի որ չեն դիտարկվել մի գումարման ընթացքում: Սակայն վերջերս Թուրքիայի վարչապետը դրանք նորից խորհրդարանի օրակարգում է ընդգրկել: --0--