ԱՄՆ-ն Իրանի նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ է սահմանել

22.11.2011, 10:46
ԱՄՆ-ն Իրանի նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ-ն Իրանի նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն շարունակում է ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը՝ երկուշաբթի արգելելով ամերիկացի քաղաքացիներին և ընկերություններին բիզնես վարել իսլամական հանրապետության նավթաքիմիական ինդուստրիայի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վերջերս մենք ապացույցներ ենք ստացել այն մասին, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենքի մշակումներ է իրականացնում և առաջվա պես խախտում է մարդու իրավունքները... Սա է հաստատում ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, ինչպես նաև Իրանի մասնակցությունը՝ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ մահափորձին: Այս կապակցությամբ մենք նոր պատժամիջոցներ ենք մտցնում իրանական նավթաքիմիական համալիրի, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձանց դեմ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ երկուշաբթի հանդես գալով ԱՄՆ Ֆինանսների նախարար Թիմոտի Հայթների հետ պետդեպարտամենտին կայացած մամուլի ասուլիսին:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն առաջին անգամ է պատժամիջոցներ սահմանում նավթաքիմիական ձեռնարկությունների նկատմամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի համապատասխան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, իրանական նավթային և քիմիական ընկերություններն ընդգրկվում են ամերիկյան «սև ցուցակում»: Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ուշադիր հետևել պատժամիջոցների կատարմանը:

«Ցանկանում ենք հիշեցնել բոլորին, որ Իրանի հասցեին ուղղված ցանկացած տրանզակցիա կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- նշել է պետքարտուղարը:

ԱՄՆ Ֆինանսների նախարար Թիմոտի Հայթներն իր հերթին հայտարարել է, որ նոր պատժամիջոցներն ուղղված են իրանական ռեժիմը ֆինանսական միջոցներից զրկելուն և իրանական տնտեսությանը վնասելուն:

Նոր պատժամիջոցները, Հայթների խոսքով, վերաբերում են նաև իրանական մի շարք ֆինանսական հաստատությունների:

«Նոր պատժամիջոցներն ուղղված են այն անձանց և ընկերությունների դեմ, որոնք կարևոր դեր են խաղացել Իրանի կողմից միջուկային զենք ստանալու հարցում»,- նշում է պետդեպարտամենտը Քլինթոնի ելույթից հետո տարածած տեղեկագրում: -0-