Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Նալբանդյան

16.11.2011, 16:49
Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը. Նալբանդյան

Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Տեոդոր Բակոնսկու այցը Երևան նոր ազդակ կհաղորդի հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանը, չորեքշաբթի ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր ռումինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: 

«Երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը նպաստավոր հիմք է հանդիսանում հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար»,- նշեց նախարար Նալբանդյանը:

Ռումինիայի արտաքին գործերի նախարար նախարար Բակոնսկին, ով երկօրյա աշխատանքային այցով չորեքշաբթի ժամանեց Երևան, շնորհակալություն հայտնեց  Երևան այցելելու հրավերի և ընդունելության համար` նշելով, որ իր Երևան այցի նպատակն է խթանել բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը:  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին քաղաքական, տնտեսական, գիտակրթական եւ գիտատեխնիկական ոլորտներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ համայնքի և ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:

Բակոնսկին բարձր գնահատեց Հայաստանի քայլերը ԵՄ հետ համագործակցության ընդլայնման և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում:
Նախարարներն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նշելով, որ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես  խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ: -0-