Երևանի նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ չի նախատեսում

15.11.2011, 15:09
Երևանի նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ չի նախատեսում
Երևանի նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ չի նախատեսում

Կադրային լուրջ փոփոխություններ չեն լինելու, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի Ավագանու խորհուրդն այսօր Երևանի քաղաքապետի պաշտոնում միաձայն ընտրեց Տարոն Մարգարյանին: Քվեարկությանը մասնակցեց Խորհրդի 49 ներկայացուցիչ:

Տարոն Մարգարյանը Հայաստանի՝  2007 թվականին մահացած նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
«Մեզ համար կադրային տեղափոխություններն ինքնանպատակ չեն, և որևէ սենսացիա ակնկալել պետք չէ: Մենք պրոֆեսիոնալ թիմ ունենք, և մնում է միայն ոգևորել այդ թիմը՝ համատեղ ուժերով մեր նախագծերն իրագործելու համար»,- նշեց նորընտիր քաղաքապետը:
Ըստ նրա, մայրաքաղաքի հավասարաչափ զարգացման և բարգավաճման գրավականը բոլոր պատասխանատու անձանց, քաղաքապետի և Ավագանիների խորհրդի թիմային աշխատանքն է:

Երևանի քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 15-ին անցկացնելու մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի քաղաքապետարանի Ավագանու խորհրդի արտահերթ նիստում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը հոկտեմբերի 31-ի նիստում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ով զբաղեցնում էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը:

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ իր որոշումը բացատրելով այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:
Երևանի Ավագանու խորհրդի այսօրվա նիստում նրա թեկնածությունը ներկայացրած Հայաստանի Հանարպետական կուսակցության խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը Մարգարյանին քաղաքապետի պաշտոնի ամերաարժանի թեկնածու անվանեց: -0-