Վաշինգտոնում դիվանագետի սպանությունը կազմակերպելու մեջ Իրանի հասցեին ուղղված մեղադրանքները Թեհրանը հոլիվուդյան ծիծաղելի սցենար է համարում

08.11.2011, 13:26
Վաշինգտոնում դիվանագետի սպանությունը կազմակերպելու մեջ Իրանի հասցեին ուղղված մեղադրանքները Թեհրանը հոլիվուդյան ծիծաղելի սցենար է համարում
Վաշինգտոնում դիվանագետի սպանությունը կազմակերպելու մեջ Իրանի հասցեին ուղղված մեղադրանքները Թեհրանը հոլիվուդյան ծիծաղելի սցենար է համարում

Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նախապատրաստման առնչությամբ ԻԻՀ-ին ուղղված մեղադրանքները հոլիվուդյան ծիծաղելի սցենար է անվանել:
«Նույնիսկ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք են ծիծաղելի համարում այն սցենարը, որի համաձայն Իրանն իբր փորձել է ահաբեկություն իրականացնել Վաշինգտոնում հարևան երկրներից մեկի դեսպանի նկատմամբ ինչ-որ մեքսիկացի մաքսանենգի օգնությամբ»,- երկուշաբթի ասել է Սալեհին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Նման բան չեք տեսնի նույնիսկ հոլիվուդյան ֆիլմերում: Եթե ամերիկյան իշխանություններն օգտվեին հոլիվուդյան ռեժիսորի ծառայություններից, ապա կարող էին ավելի լավ սցենար հորինել»,- ավելացրել է նա:

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ իր երկրում նման ճնշմանը ծանոթ են արդեն 32 տարի: «Այս ճնշումները երբեք չեն կարողացել կոտրել մեր կամքը, հակառակը, մենք ավելի ուժեղ ենք դառնում, որպեսզի միավորվելով կարողանանք հաղթահարել այդ ամենը»,- նշել է Սալեհին:
Ըստ նրա, Իրանը հարուստ պատմություն ունեցող երկիր է: «Մեր գրերի պատմությունը ավելի քան երեք հազար տարի է կազմում, և մենք մեկ անգամ չէ, որ նման հորձանուտի միջով ենք անցել մեր պատմության ընթացքում»,- նշեց ԱԳՆ ղեկավարը:

ԱՄՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ պետությունների ներկայացուցիչներին Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու մեջ Իրանին մեղադրելու վերաբերյալ:

Ենթադրյալ դավադրության բացահայտման մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է ԱՄՆ գլխավոր քարտուղար Էրիկ Հոլդերը: Նրա խոսքով, դեսպանի սպանությունն իբր նախապատրաստվել է իրանական կառավարության ներքին խմբավորումների կողմից: Իրանական իշխանություններն այդ մեղադրանքները կտրականպես հերքում են: -0-