Երևանի քաղաքապետի հրաժարականը կապված է նրա վարած քաղաքականության հետ. «Ժառանգություն»

28.10.2011, 16:57
Երևանի քաղաքապետի հրաժարականը կապված է նրա վարած քաղաքականության հետ. «Ժառանգություն»
Երևանի քաղաքապետի հրաժարականը կապված է նրա վարած քաղաքականության հետ. «Ժառանգություն»

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը կապված է նրա վարած քաղաքականության հետ, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է իր հրաժարականի վերաբերյալ լուրերը՝ բացատրելով այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով:

Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Ավագանու խորհրդի կողմից Հայաստանի նախագահի առաջարկով՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին:

Քաղաքապետի պաշտոնում Կարապետյանն ակտիվորեն պայքարում էր փողոցային առևտրի դեմ, ինչը հանրության շրջանում մեծ արձագանք էր գտել և բողոքի բուռն ալիք բարձրացրել, հատկապես, բնակչության սոցիալապես անապահով շերտերի շրջանում: Բացի այդ, քաղաքապետի որոշմանը համապատասխան, Երևանում իրականացվել է մանրածախ առևտրի այն կրպակների ապամոնտաժումը, որոնց պայմանագրի ժամկետը լրացել է:

«Քաղաքապետի հրաժարականը ներքաղաքական գործընթացների արդյունք է: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել Կարապետյանի վարած քաղաքականության հետ»,- ասաց նա:
Նրա խոսքով, սա արտասովոր երևույթ չէ, քանի որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է:

«Այնուամենայնիվ, ես պարոն Կարապետյանին կայացած պրոֆեսիոնալ եմ համարում և կասկած չունեմ, որ նա հաջողությունների կհասնի իր բնագավառում»,- նշեց պատգամավորը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ,  Կարեն Կարապետյանին «Գազպրոմ» ԲԲԸ կառավարման փոխնախագահի պաշտոնն է առաջարկվել, և առաջիկայում Կարապետյանը կմեկնի Մոսկվա:

Մինչև այդ պաշտոնում նշանակվելը նա Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհ ունեցող «ՀայՌուսԳազարդի» (բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը) գլխավոր տնօրեն է եղել: 
Նոր քաղաքապետի աթոռին տեսնում են Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: -0-