Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ նոր ոչ մշտական անդամ ընտրվելը ներքին լսարանի համար է նախատեսված. փորձագետ

25.10.2011, 15:05
Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ նոր ոչ մշտական անդամ ընտրվելը ներքին լսարանի համար է նախատեսված. փորձագետ
Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ նոր ոչ մշտական անդամ ընտրվելը ներքին լսարանի համար է նախատեսված. փորձագետ

Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ նոր ոչ մշտական անդամ ընտրվելը ներքին կիրառման համար է նախատեսված, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենետրոնում լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Երկուշաբթի Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամ` երկու տարի ժամկետով: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մնացած չորս նոր անդամների տեղերը բաժին հասան Գվատեմալային, Պակիստանին, Մարոկկոյին և Տոգոյին: Խորհրդի նորացված կազմը իր գործունեությունը կսկսի 2012 թվականի հունվարի 1-ից:
«Իրականում Ադրբեջանը ոչ մի առավելություն չի ստանում, դա միայն հնարավորություն է Ալիևների կլանի համար՝ ներքին լսարանի համար հաղթողի կերպար ձևավորելու՝ փորձելով դիվանագիտական դաշտում իբր ձեռքբերված հաջողությունների հաշվին  հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»,- ասաց Բեքարյանը:

Մյուս կողմից, ինչպես կարծում է քաղաքագետը, Ադրբեջանը բավական լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարական երկրի հեղինակության հետ կապված և նման կարգավիճակն իրենց պատկերացմամբ իրենց հասցեին ուղղված քննադատությունները մեղմացնելու հնարավորություն է տալիս:
Ինչ վերաբերում է ֆունկցիոնալին, որը ստանում է Ադրբեջանը, ապա, ըստ Բեքարյանի, այն ղարաբաղյան կարգավորման վրա հնարավոր ազդեցության համատեքստում մտահոգության առիթ չի տալիս, քանի որ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը նման լիազորություններ չունի:

Միաժամանակ, ինչպես նշեց Բեքարյանը, «քաղաքական ֆոնի համատեքստում նրանք իրավունք ունեն սեփական նախաձեռնությունները ներկայացնել, սակայն մինչ այդ էլ նրանք խոչընդոտներ չեն ունեցել նման փաստաթղթեր ներկայացնելու համար՝ այդ կառույցի անդամ հանդիսանալով:

«Այսպիսով, իր նախաձեռնությունները ներկայացնելու համատեքստում, Ադրբեջանը ոչ շահում է, ոչ էլ կորցնում, առավելևս, որ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը վետոյի իրավունք ունենալով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց դիրքորոշումն այդ հարցի շուրջ լիովին պարզ է»,- ասաց Բեկարյանը:

Նա նաև նշեց, որ տարբեր աղբյուրների համաձայն, Ադրբեջանը դրա վրա էական պաշարներ է ծախսել, այդ թվում նաև՝ բյուջեից, ինչը կրճատում է սպառազինության ծախսերը և Հայաստանի համար դրական միտում է համարվում:
Ինչ վերաբերում է այդ հարցում Հայաստանի դիրքորոշմանը, ապա, ըստ քաղաքագետի, Երևանը, ինչպես ՄԱԿ-ի անդամները, պետք է ընդունի այդ Կազմակերպությունում առկա բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին հարցը՝ հաշվի առնելով, որ ԱԽ ոչ մշտական անդամ է «դարձել ժողովրդավարության, իշխանության ժառանգաբար փոխանցման  հետ կապված աննկարագրելի խնդիրներ ունեցող մի երկիր, որն անլուծելի հակամարտություն ունի և չի ցանկանում այն կարգավորել»:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանն իր թեկնածությունը չի առաջադրել, քանի որ իրեն եվրոպական արժեքների միասնական համակարգում է դիտարկում, իսկ եվրոպական երկրներն ընդհանուր թեկնածություն են ներկայացրել՝ ի դեմս Սլովենիայի:
«Հետևաբար, Հայաստանն իրեն առավել դիվանագիտորեն է դրսևորել և աջակցել է այդ թեկնածությանը, ինչն առավել ճիշտ է՝ միջազգային դիվանագիտական էթիկայի տեսանկյունից»,- ասաց Բեքարյանը:

Միաժամանակ նա լիովին բնական է համարում այն փաստը, որ Ռուսաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան հավատարիմ է ԱՊՀ երկրների նախաձեռնությունների աջակցման քաղաքականությանը՝ դրանք ներկայացնելով որպես միասնական և համատեղ որոշում:

«Եթե Ադրբեջանի տեղը Թուրքմենիան, Մոլդովան կամ Հայաստանը լիներ, Ռուսաստանի մոտեցումները չէին փոխվի, քանի որ դրանք բխում են իրենց քաղաքական մոտեցումներից»,-ասաց Բեկարյանը:
ՄԱԿ ԱԽ կազմում ընդամենը 15 պետություն է ընդգրկված, որից հինգը՝ մշտական անդամները, օգտվում են որևէ որոշումների ընդունումն արգելափակելու իրավունքից: Դրանք են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Մյուսները թարմացվում են ռոտացիոն սկզբունքով՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ հինգ երկիր: -0-