Երևանն ու Բաքուն պետք է ռիսկի գնան՝ խաղաղության հասնելու և Ղարաբաղի շուրջ բանակցություններն ակտիվացնելու համար. Սարկոզի

07.10.2011, 14:26
Երևանն ու Բաքուն պետք է ռիսկի գնան՝ խաղաղության հասնելու և Ղարաբաղի շուրջ բանակցություններն ակտիվացնելու համար. Սարկոզի
Երևանն ու Բաքուն պետք է ռիսկի գնան՝ խաղաղության հասնելու և Ղարաբաղի շուրջ բանակցություններն ակտիվացնելու համար. Սարկոզի

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ռիսկի գնան՝ խաղաղության հասնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ակտիվացնելու համար, ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևանում Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի բացման ժամանակ:

«Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի պատկերացնում, թե ինչ է Ղարաբաղը Հայաստանի համար: Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի գիտակցում, թե հայերի հիշողության մեջ ինչպիսի ցավի հետ է կապված «Թուրքիա» անուն: Սակայն ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չգիտի, որ չկա այնպիսի խորը վերք, որը հնարավոր չլինի բուժել և երկու երկրների միջև չկա այնպիսի խորը անունդ, որը հնարավոր չլինի վերացնել», - ասել է նա՝ հիշեցնելով Ֆրանսիայի և Գերմանիայի պատմությունը, որոնք հակամարտել են միմյանց հետ մի քանի տասնամյակներ շարունակ և համաշխարհային պատերազմներում թշնամիներ են եղել:

«Մեր երկրներն իրենց մեջ ուժ գտան հաշտության գնալու և ամուր բարեկամություն կառուցելու համար: Այդ բարեկամությունն այսօր եվրոպաշինության հիմքն է», - ասել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին ընտրել նույն ուղին, նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կրկնապատկել իրենց ջանքերը՝ խաղաղ, արդար կարգավորման ժամկետները սահմանելու համար:

«Եկել է խաղաղության օգտին ռիսկային ընտրություն անելու ժամանակը, քանի որ անգործությունն ավելի մեծ ռիսկ է, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների: Գիտեմ, որ հայ ժողովուրդը բավարար կամք ունի, իսկ նախագահը՝ բավարար ուժ՝ այս ամենին գնալու համար: Խաղաղության այս կոչը ես կփոխանցեմ նաև Բաքվում նախագահ Ալիևին», - ավելացրել է նա:

Ֆրանսիայի նախագահը ընդգծել է, որ Հայաստանն իրավունք ունի այլևս չապրել պատերազմի պայմաններում՝ անգամ սառեցված, քանի որ այս իրավիճակը ծախսում է նրա ռեսուրսներն ու սպառնում անվտանգությանն ու ողջ տարածաշրջանի կայունությանը:
«Հայաստանն իրավունք ունի այլևս չապրել մեկուսացված պայմաններում, քանի որ այս բարդած անկլավային վիճակը խոչընդոտում է նրա բարգավաճմանը», - նշել է Սարկոզին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-