Ֆրանսիայի նախագահը միշտ ուշադիր է եղել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ. Սարգսյան

07.10.2011, 11:46
Ֆրանսիայի նախագահը միշտ ուշադիր է եղել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության  նախագահ Նիկոլա Սարկոզիի պատվին տրված պետական ընթրիքի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահը մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում սատար է կանգնել Հայաստանին:

«Ուրախ եմ այսօր ողջունել պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին, Հայաստանի և նաև իմ բարեկամին, ով մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում սատար է կանգնել մեր երկրին և մեր ժողովրդին»,- Սարգսյանի խոսքը մեջբերեցին իր մամուլի ծառայությունից:

Ըստ նրա, Հայաստանի և Ֆրանսիայի հատուկ հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն։ Դեռևս 11-14-րդ դարերում Կիլիկիայի Հայոց Թագավորության  օրոք, հայ և ֆրանկ ազնվական տների միջև կնքված ամուսնական և ռազմավարական դաշինքներից ի վեր, հայ-ֆրանսիական առնչությունների սաղմերը հետագա դարերում շարունակաբար ամրապնդվել են` վերածվելով խոր արմատներ ունեցող անկեղծ բարեկամության:

«Ամենևին պատահական չէ, որ ֆրանսիական հողում, Ֆրանսիայի թագավորների կողքին է հանգչում հայոց վերջին թագավորը՝ Լևոն վեցերորդը»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև փոխճանաչելիության, համակեցության շրջանակներն ընդլայնվեցին հայ ազգի պատմության ամենաօրհասական ժամանակաշրջանում: «20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հարյուր հազարավոր հայեր ապաստան ու ապավեն գտան Ֆրանսիայում»,- ընդգծել է Սարգսյանը:

Ըստ նրա, վառ պահելով հայկական ինքնությունը` հայ մարդն անցավ Ֆրանսիայի հասարակական կյանքի լիարժեք ինտեգրման ճանապարհը` վտարանդի օտարականից դառնալով հայկական ծագում ունեցող օրինակելի ֆրանսիացի:

«Ես իսկապես հպարտ եմ, որ մեծաթիվ ֆրանսահայեր ակնառու հաջողություններով իրենց նպաստը բերեցին Ֆրանսիայի բարգավաճմանը և դարձան մեր երկու ժողովուրդների համատեղ հպարտության խորհրդանիշ:

Ֆրանսիայի հասարակությունը երբեք անհաղորդ չի մնացել Հայաստանի և  հայ ժողովրդի ճակատագրին, նրան հուզող խնդիրներին։ Ֆրանսիան ապավեն է դարձել մեզ անկախ պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից՝ շարունակաբար աջակցելով ամրապնդել մեր պետականության հիմքերը, սատար կանգնել մեր ամենադժվարին օրերին»,- ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը և Հայաստանը շնորհակալ են բարեկամ Ֆրանսիային Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու համար:
2001թ.-ին Ֆրանսիան խորհրդարանական մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը դեռ չի ընդունվել Սենատի կողմից:

«Մեր երկու ժողովուրդներին միահյուսած պատմության կամուրջներն աներեր հիմքերի վրա են դրված և ստեղծել են փոխադարձ բարեկամության համար առանձնաշնորհյալ կարգավիճակ Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերություններում։ Մեր միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որն ամենադրական կերպով է անդրադառնում համագործակցության բազմաթիվ ոլորտների վրա: Միայն նախագահական մակարդակով փոխայցելությունների թիվը մոտենում է երկու տասնյակի»,- ասել է Սարգսյանը:

Նա նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան հանդիսանում է երկրորդ խոշոր ներդրողը Հայաստանում: «Մեր տնտեսությունում շոշափելի ներգրավվածություն ունեն հարյուրից ավելի ֆրանսիական ընկերություններ, այդ թվում համաշխարհային մեծության այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Կրեդիտ Ագրիկոլը, Օրանժը, Պեռնո Ռիկարը: Ես լիահույս եմ, որ մոտ ժամանակներում այս ցանկին կարող ենք ավելացնել  ուրիշ անուններ ևս»,- ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ երկու երկրներն էլ էական ձեռքբերումներ ունեն կրթամշակութային ոլորտներում: «Արդյունավետ համագործակցում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում՝ մեծ կարևորություն տալով և հետևողական ջանքեր գործադրելով Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ուղղությամբ»,-ասել է Սարգսյանը:

Ըստ նրա, հիշատակման է արժանի նաև Հայաստանի և Ֆրանսիայի շուրջ 30 գործընկեր քաղաքների ու շրջանների միջև տարբեր ոլորտներում ընթացող ապակենտրոնացված համագործակցությունը:

«Մեծարգո պարոն Նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին հնարավորություն ենք ունենալու միասին աշխատելու և միատեղելու մեր ջանքերը՝ ի հարատևություն մեր երկրների և ժողովուրդների բարեկամության։ Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցը ևս մեկ սյուն է կանգնեցնելու հայ-ֆրանսիական բարեկամության տաճարում»,- ասել է Սարգսյանը:

Նա բաժակ է բարձրացրել «Ֆրանսիայի մեծ ժողովրդի պատվին, որի հանճարեղ զավակներն անուրանալի և հսկայական ներդրում են ունեցել համաշխարհային քաղաքակրթության կերտման ու զարգացման գործում»:

«Խնդրում եմ բոլորս միասին հոտնկայս մաղթենք մեր երկրների և ժողովուրդների բարեկամությանը հարատևություն և ամրություն»,- ասել է Սարգսյանը: -0-