Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական ֆորում է հռչակում

03.10.2011, 16:25
Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական ֆորում է հռչակում
Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը համաժողովրդական ֆորում է հռչակում

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հռչակում է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը՝ համաժողովրդական, քաղաքացիական ֆորում, հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հռչակված որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքը և հետապնդելով Հայաստանի ապագա զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն ու պարտականությունը դարձնելու նպատակը:

Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ)՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 30-ին հայտարարեց Երևանում շուրջօրյա հանրահավաքների շաբաթ և սկսեց վրաններ տեղադրել Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնին կից Ազատության Հրապարակում: Ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում է պահանջում, որոնք նախատեսված են համապատասխանաբար 2012 և 2013 թվականներին:

Ֆորումի նպատակների շրջանակներում մատնանշվում է Հայաստանի հանրապետության զարգացման քաղաքականության  մանրամասն և համակողմանի քննարկումը  և մշակումը` անդրադառնալով բոլոր ոլորտներին,  նշված քաղաքականության մշակմանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցելու հնարավորություն տրամադրելը, ինչպես նաև հասարակության մեջ առկա ներուժը՝ հայեցակարգի մշակման և հանրայնացման գործում առավելապես օգտագործումը:

Ազատության հրապարակում 4 օր գործելու են ոլորտային խմբեր, որոնցից յուրաքանչյուրում կներկայացվեն Կոնգրեսի կողմից մշակված ծրագրերը և կնախաձեռնվի հանրային քննարկում: Կոնգրեսի մշակված ծրագրերից բացի, կքննարկվեն ոլորտներին առնչվող կարևոր թեմաներ: Նշված ոլորտներն են՝ առողջապահություն, արտաքին քաղաքականություն, բնապահպանություն, կրթություն և գիտություն, մշակույթ, պաշտպանություն, տնտեսություն:

Աշխատանքներ կիրականացվեն ամեն օր 15:00-ից մինչև 18:00-ն:

Զեկուցումների թեմաների և վայրերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը փակցված կլինի Ազատության հրապարակի մամուլի կենտրոնի մոտ տեղադրված ցուցատախտակներին: -0-