Հայաստանը կարևորում է բնական աղետների ժամանակ ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորումը. ԱԻՆ

29.09.2011, 11:51
Հայաստանը կարևորում է բնական աղետների ժամանակ ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորումը. ԱԻՆ
Հայաստանը կարևորում է բնական աղետների ժամանակ ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորումը. ԱԻՆ

Տարերային աղետների ժամանակ ռիսկերի նվազեցման արդյունավետ և առաջատար համակարգի ձևավորումը կարևոր նշանակություն ունի ցանկացած պետության, հատկապես, Հայաստանի համար, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` ելույթ ունենալով ԵԽ-ի եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագրի կոմիտեի մշտական ներկայացուցիչների նիստում:

«Կոմիտեի նիստն առաջին անգամ է անցկացվում Հարավկովկասյան տարածաշրջանում, և մենք հույս ունենք, որ համաժողովի ընթացքում կկարողանանք լուծում տալ առկա համակարգային խնդիրներին»,- ասաց Երիցյանը:
Նրա խոսքով՝ բնակչության անվտանգության հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է,  և ԱԻՆ-ն իրականացնում է տարերային աղետների հետևանքների կանխարգելման և վերացման անհրաժեշտ բոլոր քայլերը:

«Մեկ պետության շրջանակներում անհնար է վերացնել տարերային աղետի հետևանքները` դրանից բացի, հանրապետության մի նախարարություն չի կարող օգնել, անհրաժեշտ է, բոլոր կառույցների և, մասնավորապես, բնակչության, միավորումը»,- նշեց Երիցյանը:
Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն իր հերթին նշեց, որ բնական աղետների խնդիրների և հետևանքների լուծումը համալիր և համակարգային մոտեցում է պահանջում:

«Անհրաժեշտ է ստեղծել արտակարգ իրավիճակների ժամանակ ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, ինչպես նաև աղետների կանխարգելման հատուկ համակարգ, որի հիմնական խնդիրը կլինի բնակչության պաշտպանության ապահովման տնտեսական և իրավական հիմքերի ստեղծումը»,- ասաց Մաթևոսյանը:

Ըստ նրա, անհրաժեշտ է նաև բարձրացնել բնակչության իրազեկվածության և նախապատրաստվածության մակարդակն արտակարգ իրավիճակների ժամանակ:

Եվրոպայի Խորհրդի Եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագիրը ստեղծվել է 1987 թ.` որպես խոշոր բնական և տեխնածին աղետների ռիսկերի նվազեցման, աղետների կանխարգելման, պատրաստվածության բարձրացման, ինչպես նաև  արտակարգ իրավիճակներում կառավարման և օգնության կազմակերպման հարցերով համագործակցության բաց միջկառավարական խումբ:
Հայաստանը համաձայնագրին միացել է 1993 թ.: Ներկայումս համաձայնագրին անդամակցում է 26 երկիր (Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Իսպանիա, Կիպրոս, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Պորտուգալիա, Ռուսաստան, Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Խորվաթիա, Ալժիր, Լիբանան, Մարոկկո):
Համաձայնագիրն ապահովում է աղետների ռիսկերի նվազեցման հարցերի իրագործումը՝ արտակարգ իրավիճակների կանխարգելում, աղետներին պատրաստվածության բարձրացում և արդյունավետ արձագանքում:--0-