Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները երթ կկազմակերպեն՝ իրենց համախոհին ազատ արձակելու պահանջով

19.09.2011, 16:08
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները երթ կկազմակերպեն՝ իրենց համախոհին ազատ արձակելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները (ՀԱԿ) երկուշաբթի երեկոյան Երևանի կենտրոնում երթ կանցկացնեն Տիգրան Առաքելյանի օգտին, ով կալանավորված է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

«Երթը կսկսվի ՀԱԿ-ի գրասենյակից և կշարունակվի կենտրոնական փողոցներով՝ Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով, Հյուսիսային պողոտայով, Ազատության Հրապարակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 9-ի երեկոյան ՀԱԿ-ի յոթ ակտիվիստների (Տիգրան Առաքելյան, Արտակ Կարապետյան, Արեգ Գևորգյան, Սահակ Մուրադյան, Վահագն Գևորգյան, Սարգիս Գևորգյան և Դավիթ Քիրամիջյան) և ոստիկանության աշխատակիցների միջև բախում էր տեղի ունեցել: Արդյունքում ակտիվիստները ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք: Չորս մասնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառման մեղադրանքով: Ակտիվիստներից երեքն ազատ են արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մնացել է կալանքի տակ երկու ամիս ժամկետով:

Այնուհետև ընդդիմությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունն իշխանությունների հետ բանակցություններում «ՀԱԿ-ի երաշխիքների դիմաց ակտիվիստ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները խախտելու պատճառով»: Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ որևէ խոստում չեն տվել և մտադիր չեն միջամտելու իրավական հարցերին: -0-