Արևմուտքը հայ-թուրքական հարաբերությունները կապում է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ. ՀՅԴ

16.08.2011, 15:42
Արևմուտքը հայ-թուրքական հարաբերությունները կապում է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ. ՀՅԴ
Արևմուտքը հայ-թուրքական հարաբերությունները կապում է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ. ՀՅԴ

Եվրամիության անդամ երկրները և ԱՄՆ-ն այժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում են ղարաբաղյան հակամարտության լուծման հետ, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գծով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Եթե առաջ հայտարարում էին, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը չի կարող Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերսկսման հարցում նախապայման դառնալ, ապա այժմ արևմտյան երկրները հակված են այդ երկու հարցերը միմյանց կապելուն»,- երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ըստ Մանոյանի, այդ փաստը որոշ իմաստով կարելի է հայկական դիվանագիտության ձախողում համարել, որը կոչված է տարանջատելու այդ երկու հարցերը:

Այդ համատեքստում նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն փորձելու է հասնել հայ-թուրքական հարաբերությունների արագ կարգավորմանը՝ բայց ղարաբաղյան հարցը հաշվի առնելով:
 
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: