Իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը Հայաստանի համար ուժեղ երկրի իմիջ է ստեղծում

25.07.2011, 17:23
Իշխանությունների և ընդդիմության երկխոսությունը Հայաստանի համար ուժեղ երկրի իմիջ է ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. Իշխանությունների երկխոսությունն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ Հայաստանի համար ներսից ուժեղ երկրի վարկանիշ է ստեղծում, հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:

«Կարևոր չէ, թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ երկխոսությանը երկրի ներսում, բայց փաստը մնում է փաստ՝ և Թուրքիայում, և Ադրբեջանում այդ համատեքստում Հայաստանին նայում են որպես ներսից ուժեղ երկրի»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գիրագոսյանը:

Կոալիցիոն ուժերի և ՀԱԿ-ի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 18-ին՝ փակ դռների հետևում։
Հուլիսի 16-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Քաղաքական կոալիցիայի անունից հայտարարել էր, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից  ձևավորված աշխատանքային խումբը` Դավիթ  Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ),  Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») և Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ:

ՀԱԿ համապատասխան պատվիրակությունը ղեկավարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Պատվիրակության կազմում են Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի (Երևան) տարածքային կառույցի ղեկավար Վահան Խաչատրյանը, ՀՀ ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայոց համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը։

Իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության վերաբերյալ աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը կանցնի հուլիսի 26-ին: -0-