Սկզբունքների համաձայնեցումը արագացնելը ճանապարհ կհարթի ղարաբաղյան կարգավորման խաղաղ համաձայնագրի համար. ՌԴ ԱԳՆ

26.01.2012, 16:57
Սկզբունքների համաձայնեցումը արագացնելը ճանապարհ կհարթի ղարաբաղյան կարգավորման խաղաղ համաձայնագրի համար. ՌԴ ԱԳՆ
Սկզբունքների համաձայնեցումը արագացնելը ճանապարհ կհարթի ղարաբաղյան կարգավորման խաղաղ համաձայնագրի համար. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելը ճանապարհ կհարթի խաղաղ համաձայնագրի ուղղությամբ իրականացվող աշխատանքի համար, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Հուսանք, որ արագացումը, որի մասին խոսում էին կողմերը (Սոչիում կայացած հանդիպման ժամանակ), կհանգեցնի դիրքորոշումների հստակեցման և հիմնարար սկզբունքների ընդունման հարցում ցանկալի արդյունքների, որոնք ճանապարհ կհարթեն ավելի բարդ իրավաբանորեն պարտադիր փաստաթղթին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ համաձայնագրին ուղղված աշխատանքի համար», - ասել է Լուկաշևիչը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակում:

«Ի դեպ, այդ աշխատանքի արդյունքն է ղարաբաղյան խնդրին նվիրված վերջին հայտարարությունը, որը վերջերս ընդունվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ», - նշել է Լուկաշևիչը:

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հունվարի 23-ին Սոչիում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված թվով տասներորդ եռակողմ բանակցություններ են անցկացրել, որի արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության ձեռք բերումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-