Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է փոխզիջումային լինի, սակայն ԼՂՀ-ի անկախությունն այլընտրանք չունի. փոխխոսնակ

24.01.2012, 15:01
Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է փոխզիջումային լինի, սակայն ԼՂՀ-ի անկախությունն այլընտրանք չունի. փոխխոսնակ

Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա, սակայն Արցախի անկախությունն այլընտրանք չունի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ-ի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր փոխզիջումը կայանում է նրանում, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, իսկ անկախության միջազգային ճանաչումից և կարգավիճակի սահմանումից հետո Արցախի ժողովուրդն իր ղեկավարության հետ կորոշի, թե ինչպիսին կլինի այդ փոխզիջումը», - ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ Ադրբեջանը, լինելով պարտված կողմ, փոխզիջումների մասին դեռ չի խոսում: Փոխխոսնակի կարծիքով՝ հենց դա է պատճառը, որ ծայրահեղ դիրքորոշումներից հեռանալու անհրաժեշտության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը վերաբերում է հիմնականում Բաքվին:

Նախօրեին Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկուշաբթի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ՌԴ նախագահը, ընդունել են ծայրահեղ դիրքորոշումներից հեռանալու անհրաժեշտությունն ու կողմ են արտահայտվել դիրքորոշումների մերձեցմանն ուղղված ջանքերի շարունակմանը:

Խոսելով եռակողմ հանդիպման մասին՝ Շարմազանովը նշել է, որ հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարությունը համահունչ է հայկական կողմի դիրքորոշման հետ: «Հայաստանն ու Արցախը մշտապես խոսում էին խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, իսկ Բաքուն չէր բացառում ռազմական ճանապարհը: Հետևաբար, այս հայտարարությունը պրեսինգ է Ադրբեջանի վրա», - ասաց փոխխոսնակը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ցանկանում է խնդրի քննարկումը տեղափոխել այլ միջազգային հարթություններ, այդ թվում նաև ԱԽ: «Իսկ Սոչիում ընդունված հայտարարության մեջ, որին միացել է նաև ադրբեջանական կողմը, հստակ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», - նշեց փոխխոսնակը:

Նա ասաց, որ ընդունված փաստաթղթի դրույթները, որոնք հակամարտող կողմերի միջև մարդասիրական կապերի ակտիվացում են նախատեսում, ևս չեն հակասում հայկական դիրքորոշմանը:
«Մենք միշտ ասել ենք, որ մեր հասարակությանը պատերազմի չենք պատրաստում, չնայած որ պատրաստ ենք պատերազմի, իսկ Ադրբեջանը ռասիզմի և հայատյացության վրա հիմնված քաղաքականություն է վարում», - ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ չնայած հանդիպման արդյունքները բեկումնային չդարձան Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, սակայն հույս կա, որ ադրբեջանական կողմի վրա իրականացվող ճնշման շնորհիվ կհաջողվի հասնել նրան, որ պաշտոնական Բաքվի բառերը չեն տարբերվի իրականացվող քայլերից:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-