ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի գործունեությունն անիմաստ քարոզչական գործողությունների կհանգեցնի. փորձագետ

26.10.2011, 18:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի գործունեությունն անիմաստ քարոզչական գործողությունների կհանգեցնի. փորձագետ
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի գործունեությունն անիմաստ քարոզչական գործողությունների կհանգեցնի. փորձագետ

ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի գործունեությունն անիմաստ քարոզչական-տեղեկատվական գործողությունների կհանգեցնի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ, Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:
 
«Փաստացիորեն այն, որ Ադրբեջանը երկու տարով ՄԱԿ-ի ԱԽ անդամ է դարձել, չի փոխում այն գլխավոր իրականությունը, որն առկա է ղարաբաղյան հակամարտության քաղաքական ձևաչափի շուրջ: Այն (հակամարտությունը) գտնվում է ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամների, երեք միջուկային տերությունների և մեծ դերակատարների (ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի – «Նովոստի-Արմենիա») հսկողության տակ, որոնք էլ շատ անգամ որոշում են մեր տարածաշրջանի հարցերը»,- ասաց Մինասյանը:

Երկուշաբթի Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամ` երկու տարի ժամկետով: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մնացած չորս նոր անդամների տեղերը բաժին են հասել Գվատեմալային, Պակիստանին, Մարոկկոյին և Տոգոյին: Խորհրդի նորացված կազմն իր գործունեությունը կսկսի 2012 թվականի հունվարի 1-ից:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մահմեդյարովը չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելով, Ադրբեջանը մտադիր է ԱԽ մշտական անդամների հետ քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որպեսզի այնուհետև այն ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման դրվի:

Ըստ Մինասյանի, Մահմեդյարովը հասկանում է, որ առանց այդ երեք դերակատարների համաձայնության Ղարաբաղի հարցում Ադրբեջանը չի կարող հասնել ինչ-որ փոփոխությունների:

«Այն, ինչ ցանկանում են ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամները և միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ մադրիդյան սկզբունքների տակ Ադրբեջանի ստորագրությունն է»,- ասաց Մինասյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Մադրիդյան սկզբունքներ անվան տակ հայտնի հիմնարար սկզբունքները Հայաստանին և Ադրբեջանին են ներկայացվել Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից 2007 թվականի նոյեմբերին՝ Իսպանիայի մայրաքաղաքում: Մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթները նախատեսում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն ազատ կամարտահայտման միջոցով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-