Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ

14.12.2017, 20:09
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 13–ին ելույթ ունենալով Հունաստանում, ասել է, որ Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ–թուրքական արձանագրությունների, քանի որ Թուրքիան անհիմն նախապայմաններ է առաջ քաշել, որոնք հակասում են արձանագրությունների տառին և ոգուն։

Դրան ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը և պատրաստ է դրանք վավերացնել բարենպաստ քաղաքական մթնոլորտի դեպքում, իսկ Հյաաստանի հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը և ուղղված են միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն։

Загружается новость ... "Право"

«Հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք Հունաստանում մեկ օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի ժամանակ։ Այն ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, մասնավորապես, ղարաբաղյան խնդրին, ապա Թուրքիան այնտեղ անելու ոչինչ չունի։ Եվ որքան հեռու մնա այդ գործընթացից, այնքան ավելի լավ հենց իր համար»,– ասաց Բալայանը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։

Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։ -0-