ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր ընդլայնման մասին, հայտնում է РБК–ն` հղում անելով Bloomberg–ին։
«Պատժամիջոցները կարող են հանվել, եթե Ռուսաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Բայց մենք նաև պատրաստ ենք գնալ հետագա քայլերի, որ ավելացնենք պատժամիջոցները Ռուսաստանի համար այն դեպքում, եթե նրա գործողությունները նման մոտեցում պահանջեն»,– ասել է նա լրագրողներին Բրյուսելում։
Սխինասն ընդգծել է, որ Ճապոնիայում G7 գագաթնաժողովում դրա մասնակիցները կողմ են արտահայտվել պատժամիջոցների պահպանմանը։ «Նախորդ շաբաթ G7 գագաթնաժողովում դրա առաջնորդները հիշեցրել են, որ պատժամիջոցների տևողությունը հստակ շաղկապված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերի և Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելու հետ»,– ասել է նա։
Հուլիսի վերջին լրանում է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը, և ԵՄ–ն մտադիր է երկարացնել դրանք ևս կես տարով, հիշեցնում է Bloomberg–ը` վկայաբերելով եվրոպացի պաշտոնյաներին։
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով G7 գագաթնաժողովում, հայտնեց, որ առայժմ բավականին վաղ է չեղարկել պատժամիջոցները։ Ամփոփիչ կոմյունիկեում խոսվում էր պատժամիջոցների ուժեղացման հնարավորության մասին, եթե «Ռուսաստանի գործողությունները դա պահանջեն»։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը նախազգուշացրել է, որ Եվրոպայում գոյություն ունի պատժամիջոցները երկարացնելու հակառակորդներ, և միասնական դիրքորոշում համաձայնեցնելը բարդ կլինի։ Պատժամիջոցների շուրջ որոշման համար անհրաժեշտ է Եվրամիության բոլոր 28 անդամների հավանությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում