ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գործարկել է ՃԵԿ խախտումների արձանագրման կենտրոնը

16.01.2012, 19:26
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գործարկել է ՃԵԿ խախտումների արձանագրման կենտրոնը
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գործարկել է ՃԵԿ խախտումների արձանագրման կենտրոնը

ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից իրավախախտումների արձանագրման կենտրոնն է գործարկվել Երևան քաղաքում այսօրվանից` հունվարի 16-ից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից:

Կենտրոնը ճանապարհային երթևեկության վերահսկման համակարգի մի մասն է, որը ներդրվում է Հայաստանի ճանապարհային ոստիկանության բարեփոծխումների ծրագրի շրջանակներում:
Կենտրոնն անմիջականորեն միացված է Երևանի մի շարք խոշոր պողոտաներում ու փողոցներում տեղադրված 15 արագաչափերի, ինչպես նաև 40 տեսախցիկների, որոնք տեղադրված են մայրաքաղաքի 10 խոշորագույն խաչմերուկներում:

Կենտրոնի աշխատակիցները մեծ մոնիտորների օգնությամբ 24 ժամ շարունակ հսկելու են և արձանագրելու են խախտումները:

Կենտրոնը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին և լուծում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման շատ կարևոր մի խնդիր, քանի որ նվազագույնի է հասցնում իրավախախտողի և ճանապարհային ոստիկանի միջև անմիջական շփումը: Խախտումները գրանցող օպերատորները չեն տեսնի ավտոմեքենաների համարները, ինչը նույնպես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը:

Խախտման արձանագրումից հետո Ճանապարհային ոստիկանությունը պարտավորվում է յոթօրյա ժամկետում կազմել խախտման արձանագրություն, ինչից հետո երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնի խախտողին տուգանքի վերաբերյալ ծանուցումը:
Համակարգը նաև լայն հնարավորություն է տալիս խախտողին բողոքարկել կազմած արձանագրությունը, քանի որ ծանուցման հետ մեկտեղ նա կստանա հատուկ գաղտնագիր, որի օգնությամբ Ոստիկանության կայքում կարող է տեսնել իր խախտման տեսագրությունը և օգտագործել այն բողոքարկելու դեպքում:
Ճանապարհային ոստիկանները ծառայություն չեն իրականացնի այն վայրերում, որտեղ տեղադրված են տեսախցիկներն ու արագաչափերը: -0-