ՀԱՊԿ երկրների նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կքննարկեն ռազմական համագործակցությունը

13.12.2011, 11:04
ՀԱՊԿ երկրների նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կքննարկեն ռազմական համագործակցությունը
ՀԱՊԿ երկրների նախարարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարները դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կքննարկեն ռազմական համագործակցությունը

ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը, պաշտպանության նախարարների խորհուրդն ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն դեկտեմբերի 19-ին Մոսկվայում նիստ կհրավիրեն, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Նիստի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հերթական նստաշրջանի օրակարգը, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացման, ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Աստանայում օգոստոսի 12-ին կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական  հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մասին փաստաթղթերի նախագծերը», - տեղեկացրել է Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ կքննարկվի Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը: Կազմակերպության ներկայացուցիչները նախատեսում են քննարկել նաև ՀԱՊԿ գործունեության ուղղությունները, որոնք առաջնային կլինեն կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ժամանակ:

Օգոստոսին Աստանայում կայացած ՀԱՊԿ մասնակից-երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկվել են միջազգային ահաբեկչության, զենքի, թմրանյութերի անօրինական առևտրի աճին, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հարցեր:
ՀԱՊԿ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-