ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը չի բացառել, որ կարող է վերադառնալ քաղաքականություն, եթե նման անհրաժեշտություն ծագի, չնայած, որ այդ էջը նա վաղուց արդեն շրջել է:
«Ես այս երկրից եմ, ամեն ինչ ներդրել եմ այստեղ, և միշտ ժողովրդի կողքին եմ եղել: Եթե անհրաժեշտություն ժագի, և եթե ակնառու քաղաքական գործիչները չկարողանան առաջ շարժվել, ապա, հնարավոր է, որ փակված գիրքը նորից բացվի, չնայած, որ ես դրա կարիքը չունեմ», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Ծառուկյանը` ավելացնելով, որ մոռացել է այն ամենը, ինչ եղել է անցյալում:
Ծառուկյանը հիշեցրեց, որ փետրվարի 12-ին քաղաքականությունից հեռանալիս, նա հայտարարեց, որ արյունահեղություն չի ցանկանում: «Դուք գիտեք, որ հեղափոխություն էր հասունանում, որն առանց արյունահեղության չի լինում, իսկ դա անթույլատրելի է», - ասաց նա: Կուսակցության նախկին նախագահը ավելացրեց, որ իր հնարավորությունների սահմանում միշտ պատրաստ է օգնել իր ժողովրդին, լինի դա Հայաստանը, Արցախը, թե Սփյուռքը:
Խոսելով նոր կառավարությունից` Ծառուկյանը նշեց, որ շատ լավ ճանաչում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, շատ հարգում և գնահատում է նրան: «Ամենակարևորն այն է, որ պարոն վարչապետը գիտի, թե ինչ պետք է անի», - ասաց Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը` խոշորագույն հայ օլիգարխներից մեկը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, 2015 թ.-ին լքել է քաղաքական դաշտը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Սարգսյանի և Ծառուկյանի միջև հարաբերությունները սրվեցին 2015 թ.-ի փետրվարի կեսերին: Երկրի նախագահը քննադատության ենթարկեց Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, մասնավորապես, որ, նա` որպես քաղաքական դերակատար, երկրի համար չարիք է դարձել: Նույն թվականի մարտի սկզբին Ծառուկյանը լքեց կուսակցության նախագահի պաշտոնը` այդ պաշտոնին առաջարկելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է մեծ քաղաքականությունից: Ավելի ուշ նախագահի հետ հարաբերությունները կարգավորվեցին:
Օրերս Ծառուկյանի կողմնակիցները ակցիա են անցկացրել` կոչ անելով նրան վերադառնալ քաղաքականություն: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում