«ԱրմենՏել» ընկերությունն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

31.01.2012, 15:49
«ԱրմենՏել» ընկերությունն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը երեքշաբթի համագործակցության հուշագիր են ստորագրել:

«Համագործակցության հայեցակարգն է խթանել տեխնիկական առաջընթացն ու պահպանել բարենպաստ շրջակա միջավայրը և մարդկային ներուժը: «ԱրմենՏելի» կողմից իրականացվող կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության ավելի քան 80 ծրագիր ուղղված է Հայաստանի մարզերի բնակիչներին օգնություն ցուցաբերելուն: Այսօրվա նախագծի նպատակն է կոնկրետ նպատակային օգնություն ցուցաբերել հանրապետության հասարակ քաղաքացիներին և նրանց երեխաներին», - ասաց Կլիմկոն լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հուշագրի ստորագրման արարողությունից հետո:

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ 2012 թ.-ի ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը Արագածոտնի և Արմավիրի մարզերում կհովանավորի հիմնադրամի մի շարք կրթական, բնապահպանական և սոցիալական նախաձեռնություններ:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով՝ ընկերությունն արդեն երրորդ տարին է՝ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության ծրագրեր է իրականացնում՝ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման խնդրին համապատասխան:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող երեխաների համար լուսավոր ապագայի ձեռքբերմանն՝ ապահովելով որակյալ կրթություն, առողջապահություն, ակտիվ կյանք ու տնտեսապես բարենպաստ պայմաններ երեխաների և երիտասարդների համար:

Այժմ հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի գյուղական համայնքների զարգացում» ծրագիրը, որի շրջանակներում գործունեություն է իրականացնում Հայաստանի մի շարք համայնքներում:

Վերջին յոթ տարվա ընթացքում հիմնադրամի հետևողական զարգացման շնորհիվ Բաղրամյանի շրջանի 25 000 գյուղացիներ, այդ թվում նաև ավելի քան 6 000 երեխաներ հաճախել են վերանորոգված դպրոցներ, մանկապարտեզներ, ամբուլատորիաներ, մարզական համալիրներ: --0--