Թուրքիան մոտ ժամանակներս ԵՄ անդամ չի դառնա. փորձագետ

27.01.2012, 10:57
Թուրքիան մոտ ժամանակներս ԵՄ անդամ չի դառնա. փորձագետ
Թուրքիան մոտ ժամանակներս ԵՄ անդամ չի դառնա. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան չի կարող մոտ ժամանակներս մուտք գործել ԵՄ, կարծում է Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի (ԵԱՖ) տնօրեն, քաղաքագետ Մարատ Տերտերովը:

«Մի օր ամեն ինչ հնարավոր է դառնում, սակայն ամեն ինչ վկայում է այն մասին, որ առաջիկայում Թուրքիան ԵՄ-ի անդամ չի դառնա», - «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում կազմակերպված առցանց հարցազրույցի ժամանակ ասել է Տերտերովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Նրա խոսքերով՝ լայնորեն ընկալվում է այն, որ մայրցամաքային Եվրոպայի երկու առաջատար պետությունները՝ Ֆրանսիան և Գերմանիան, դեմ են Թուրքիայի անդամակցությանը: Տերտերովը նշել է, որ թուրք-ֆրանսիական հարաբերություններն էլ ավելի վատացան Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունից հետո:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան և Գերմանիան ոչ վաղ անցյալում արդեն հայտարարել են, որ Թուրքիայի անդամակցության հեռանկարի փոխարեն հարկավոր է առաջարկել ԵՄ-ի հետ այլընտրանքային հարաբերություններ, այսպես կոչված, արտոնյալ գործընկերություն:

«Դրանով Թուրքիան ԵՄ-ի հետ կհաստատի նույն կատեգորիայի հարաբերություններ, ինչ Հյուսիսային Աֆրիկայի երկրները: Սակայն այդ երկրներից ոչ մեկը, ի տարբերություն Թուրքիայի, չի ձգտում դառնալ ԵՄ անդամ, և այդ պատճառով Անկարան նման մոտեցումը ընկալում է որպես «Թուրքիային տեղը դնելուն» ուղղված ԵՄ ջանքերի գործադրում: 

Նա կարծում է, որ չնայած Թուրքիան Վաշինգտոնի և Լոնդոնի, ինչպես նաև եվրոատլանտյան ինստիտուտների (ինչպիսին ՆԱՏՕ-ն է) բավականին մտերիմ դաշնակիցն է, Բրյուսելի հետ նրա հարաբերությունները և ԵՄ որոշ հիմնական պետությունների հետ երկկողմ կապերը վատացել են:

«Վտանգ կա, որ կիպրոսցիների՝ ԵՄ-ում ակնկալվող նախագահության պատճառով այդ հարաբերությունները մոտ ապագայում էլ ավելի կվատանան, երբ Անկարան կսպառնա Բրյուսելի հետ հարաբերությունների խզմամբ: Հնարավոր է, որ ամեն ինչ փոխվի, եթե Ֆրանսիայում այս տարվա ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորվի: Սակայն այս պահին դժվար է թունելի վերջում լույս տեսնել», - ասել է Տերտերովը:

Փորձագետը նաև քիչ հավանական է համարում այն իրավիճակը, որի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար կդառնա նախապայման ԵՄ մուտք գործելու համար:

«Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա կարծում եմ, որ այսօր հարաբերությունները բավականին լարված են, և քիչ հավանական է, որ ԵՄ 27 անդամ-պետությունները հավանության կտան այդ գաղափարին՝ որպես պայման Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու համար: Դա կդիտարկվի որպես պատվի և ազգային հպարտության հարց, և Թուրքիան երբեք չի համաձայնի գնալ դրան», - նշել է Տերտերովը:

Միջազգային քաղաքականության և անվտանգության հրատապ հարցերի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) նախագծին աջակցում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հրապարակային դիվանագիտության դեպարտամենտը (Բրյուսել):-0-