Թուրքիան Հայաստանի հետ «ֆուտբոլային դիվանագիտությանը» կարող է շատ ավելի շուտ վերադառնալ, քան ակնկալվում է. քաղաքագետ

26.01.2012, 16:37
Թուրքիան Հայաստանի հետ «ֆուտբոլային դիվանագիտությանը» կարող է շատ ավելի շուտ վերադառնալ, քան ակնկալվում է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան Հայաստանի հետ «ֆուտբոլային դիվանագիտությանը» կարող է շատ ավելի շուտ վերադառնալ, քան դա կարելի էր ակնկալել, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նախաձեռնել է Երևանը, դիվանագիտական շրջանակներում հայտնի է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվամբ: Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղղակի կապի համար ֆորմալ առիթ դարձան աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այդ երկրների ֆուտբոլային հավաքականների միջև հանդիպումները:

«Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ Անկարան, հնարավոր է, շուտով վերադառնա «ֆուտբոլային դիվանագիտությանը»», - կարծում է Գիրագոսյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակը ևս կստիպի Անկարային Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու փորձեր ձեռնարկել:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը, որն այժմ պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Փաստաթուղթը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

«Ֆրանսիայի Սենատում կազմակերպված քվեարկությունը ԵՄ մուտք գործելու հարցում Թուրքիային խանգարելու հաջող քայլ էր, և այդ պատճառով Թուրքիան կարող է իր հայացքը շրջել Արևմուտքից դեպի Արևելք», - նշել է քաղաքագետը:

Գիրագոսյանը նաև նշել է, որ Թուրքիան ընդունված օրինագծի նկատմամբ իր բուռն արձագանքով հրահրեց համաշխարհային հանրության նման մասշտաբային արձագանքը:

«Սա վերջին 25 տարում Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած առաջին քվեարկությունն է, որը նման լայն հասարակական արձագանք ստացավ Թուրքիայի չափից մեծ արձագանքի պատճառով: Թուրքիան, ինչպես միշտ, ինքն իրեն վնասեց», - ասել է նա:-0-