Ղարաբաղյան բանակցային գործընթացի ընթացքը կփոխվի ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինի ընտրվելուց հետո. փորձագետ

26.01.2012, 15:41
Ղարաբաղյան բանակցային գործընթացի ընթացքը կփոխվի ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինի ընտրվելուց հետո. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը կփոխվի ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրվելուց հետո, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը:

ՌԴ ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ անցկացվում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները, որոնք նվիրված են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Այս պահին արդեն տասը նման հանդիպում է կազմակերպվել:

Քաղաքագետի խոսքերով՝ Պուտինը կփորձի ավելի շատ ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և հավանաբար ՌԴ ապագա նախագահ Պուտինի միջև հարաբերություններն այնքան էլ ընկերական չեն, ինչպես Պուտինի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև, Հայաստանի վրա ճնշում գործադրելու Պուտինի ցանկացած փորձ պակաս արդյունավետ կլինի», - ասել է Գիրագոսյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-