Անկարայի հիստերիկ քաղաքականությունը նպաստեց Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմանը. հայ փորձագետ

24.01.2012, 15:30
Անկարայի հիստերիկ քաղաքականությունը նպաստեց Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմանը. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Անկարայի հիստերիկ քաղաքականությունը նպաստեց ֆրանսիական Սենատի կողմից ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմանը և օգնեց Երևանին ավելի լավ ճանաչել Թուրքիային, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Ֆրանսիայի Սենատը երեքշաբթի ընդունեց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը:

«Ես կասկածում եմ, որ առանց թուրքական հիստերիկ դիրքորոշման առկայության Սենատի անդամների մեծամասնությունը կողմ կքվեարկեր օրինագծին: Թուրքիան որոշակի առումով կորցրեց կողմնորոշումները, նա մոռացավ, որ իր առջև փոքր Հայաստանը չէ, որի բնակչությունը 20 անգամ պակաս է թուրքականից: Շանտաժի և սպառնալիքի քաղաքականությունը նա ամեն տեղ է կիրառում... Շատ եվրոպացիներ աստիճանաբար գիտակցում են, թե ում հետ գործ ունեն»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ավելի լավ ճանաչելով Թուրքիային, Եվրոպայի երկրները կհասկանան, թե ինչու է Հայաստանին իր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ռուսական ռազմակայանի առկայությունը, և որ նրա ներկայությունը ոչ մի կերպ չի ազդում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա, այլ միայն «քաղաքական մշակույթ չունեցող պետությունից ֆիզիկապես պաշտպանվելու միջոց է»:

Ըստ Բեքարյանի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումն առաջին հերթին արդարության հաղթանակի հույս է ներշնչում: 

Քաղաքագետը կարծում է, որ նախագահ Սարկոզին շուտով կվավերացնի Սենատի տվյալ որոշումը: Ինչ վերաբերում է Թուրքիային և նրա հետագա քայլերին, ապա, ըստ Բեքարյանի՝ Անկարան դեռ որոշ ժամանակ կշարունակի հիստերիան, բայց ոչ մի լուրջ գործողություն չի ձեռնարկի: -0-