ՀԿԵ-ն 2011 թվականին էապես բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

20.01.2012, 13:11
ՀԿԵ-ն 2011 թվականին էապես բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. 2011 թվականի արդյունքներով` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հաղորդում է ՀԿԵ ՓԲԸ լրատվական ծառայությունը:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունն 2010-ի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,3%-ով: Իսկ 2011 համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 31,6%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը 2011-ի արդյունքներով կազմեց 3,8 օր:

Միևնույն ժամանակ, 0,4 ժամով կրճատվել է մեկ բեռնափոխադրումից առաջ վագոնի պարապուրդի ժամանակը՝ կազմելով 37,6 ժամ:

Անցյալ տարի բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 345,2 լոկ-կմ, ինչը 15,1%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը և 19,9%-ով՝ 2010 թ. ցուցանիշը:

Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--