ԱԻՆ-ը և ՀՀ էլցանցերը կհամագործակցեն աղետների կանխարգելման ոլորտում

18.01.2012, 14:51
ԱԻՆ-ը և ՀՀ էլցանցերը կհամագործակցեն աղետների կանխարգելման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Չորեքշաբթի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը համաձայնագիր են ստորագրել` բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին։

Փաստաթղթի տակ ստորագրել են ԱԻՆ ղեկավար Երիցյանը և ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:

Ըստ Երիցյանի՝ համաձայնագիրը համագործակցություն է նախատեսում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման դեպքում տեղեկատվության օպերատիվ փոխանակման, արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության ներկայացման ուղղությամբ հիմնական չափանիշների համաձայնեցման ոլորտում, կողմերի տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացմանն ուղղված ջանքերի համակարգում, ինչպես նաև խորհրդակցությունների, սեմինարների, հետազոտությունների, փորձաքննությունների համատեղ կազմակերպում և անցկացում, փորձի փոխանակում, էներգետիկ ոլորտում արտակարգ իրավիճակների աղբյուրների մոնիթորինգի միասնականացված մեթոդաբանության կիրառում, դրանց արդյունավետության բարձրացում։

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ստեղծելով աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը` ԱՌՆԱՊ-ը, աղետների ռիսկի նվազեցման գործընթացի մեջ է ներգրավում ոչ միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, այլև մասնավոր, նաև` ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններին և ընկերություններին։ Բնականաբար դրանց թվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն»,- փաստաթղթի ստորագրումից հետո լրագրողներին ասաց նախարարը:

ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն իր կողմից նշեց, որ ընկերությունը մեծ հույսեր է կապում ԱԻՆ-ի հետ ստորագրած համաձայնագրի հետ և վստահություն հայտնեց, որ այն կհասնի իր նպատակին:

«Մենք կարևորում ենք տեղեկատվության օբյեկտիվությունը, թարմությունն ու արդիականությունը: Այդ պատճառով մենք համաձայնեցրեցինք մեր մամուլի ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը: Հուսով եմ մեր որոշումները կլրացնեն միմյանց»,- ասաց Բիբինը:

2011թ.-ին աղետների ռիսկերի նվազման ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ՄԱԿ-ը Հայաստանին որպես ձեռքբերումների երկիր է ճանաչել: