Բաքուն խոչընդոտում է ԼՂՀ-ի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերլուծության մեխանիզմի մասին ԵԱՀԿ ՄԽ առաջարկին. Նալբանդյան

16.01.2012, 15:08
Բաքուն խոչընդոտում է ԼՂՀ-ի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերլուծության մեխանիզմի մասին ԵԱՀԿ ՄԽ առաջարկին. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ԼՂՀ-ի հետ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերլուծության մեխանիզմի ստեղծման մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի իրագործմանը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հետ կապված հարցը 2011 թ.-ի մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված հայտարարության բաղկացուցիչ մասն է:

«Այդ պայմանավորվածությունը լիարժեք աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից: Սակայն այն մինչև հիմա չի իրագործվում, քանի որ ադրբեջանական կողմը խանգարում է նման մեխանիզմի ստեղծման մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին», - ասել է Նալբանդյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա պարզաբանել է, որ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ այն մասին, որ նման առաջարկ ընդհանրապես չի արվել, և նման պայմանավորվածություն չի եղել:

Նախարարը նաև ավելացրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանն ինքն է իրեն մեկուսացրել, քանի որ դուրս է եկել միջազգային հանրության դեմ:

«Երբ ԵԱՀԿ-ում քննարկվում էր բյուջեն, և համանախագահներն առաջարկեցին համապատասխան հատկացումներ տրամադրել այդ մեխանիզմի ստեղծման համար, Ադրբեջանը դեմ հանդես եկավ, և երբ ոչինչ չստացվեց, նա սկսեց սպառնալ, թե վետո կօգտագործի ԵԱՀԿ-ի ողջ բյուջեի նկատմամբ», - ասել է նա:

Նալբանդյանը նաև նշել է, որ արդբեջանցիները հերթական անգամ ցուցադրում են այն, թե ինչպես են հրաժարվում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվում իրենց իսկ մասնակցությամբ և հակադրում են իրենց միջազգային հանրությանը:

ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ բանակցությունները կշարունակվեն ինչպես համանախագահների կողմից, այնպես էլ այլ ձևաչափերում:

«Այս մեխանիզմը, որը կարող է դառնալ կարևոր մեխանիզմ ոչ միայն հետաքննությունների, այլև նոր միջադեպերի կանխման համատեքստում, բարձր է գնահատվում բոլորի կողմից, և ես կարծում եմ, որ այն կիրագործվի», - եզրափակել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-