Տարածաշրջանային փորձագիտական-քրեագիտական բազայի ստեղծումը կբարելավի հանցավորության դեմ պայքարի որակը. ՀՀ գլխավոր դատախազ

16.01.2012, 11:39
Տարածաշրջանային փորձագիտական-քրեագիտական բազայի ստեղծումը կբարելավի հանցավորության դեմ պայքարի որակը. ՀՀ գլխավոր դատախազ
Տարածաշրջանային փորձագիտական-քրեագիտական բազայի ստեղծումը կբարելավի հանցավորության դեմ պայքարի որակը. ՀՀ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Միասնական տարածաշարջանային փորձագիտական-քրեագիտական բազայի ստեղծումը կնպաստի տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի որակի բարելավմանը, երկուշաբթի հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ազգային դատափորձագիտական բազաներին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ:

«Նմանատիպ միջազգային համաժողովների անցկացումը շատ կարևոր է փորձի փոխանակման և գիտելիքների կուտակման տեսակետից, սակայն մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե մենք կարողանայինք ձևավորել տվյալների միասնական բազա, որը թույլ կտար հեշտորեն բացահայտել հանցագործություններն ու պայքարել միջազգային հանցավորության դեմ», - ասել է Հովսեփյանը:

Նրա խոսքերով՝ ինքը բազմիցս առաջարկել է նմանատիպ բազա ստեղծել, սակայն որոշ հարևան պետություններ դեմ էին այդ գաղափարին:

«Հուսով եմ, որ մեր օտարերկրյա գործընկերները այսօրվա քննարկումներից հետո կօգնեն միասնական բազայի ստեղծման գաղափարի իրագործմանը, և մենք կկարողանանք վերացնել մնացած խոչընդոտներն այս ոլորտում միջազգային համագործակցության հարցում», - ավելացրել է գլխավոր դատախազը:

Միջազգային համաժողովը կտևի հունվարի 16-18-ը, համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի փորձաքննության ազգային բյուրոն և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը: Համաժողովին մասնակցում են ոլորտի փորձագետներ և մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից և ԱՄՆ-ից:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Լեո Օվսյացկին իր հերթին նշել է, որ համաժողովը կօգնի ուսումնասիրել մի շարք երկրների ներուժը դատափորձագիտական տեխնոլոգիաներում:

«Գիտնականների և իրավապահ մարմինների ավելի սերտ համագործակցությունը նպաստում է աշխատանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև կօգնի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում», - ասել է նա:-0-