Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է անում հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից

Խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցությունները երեքշաբթի համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից:
«Մենք խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում ենք մեկ կոնկրետ փոփոխություն մտցնել Ընտրական օրենսգրքում՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ համաձայնելով այս քայլին՝ իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձևավորելու ներհասարակական հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը ողջունել է այդ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել առանց բացառության բոլորի քաղաքական ուժերի հետ՝ օրինական և թափանցիկ ընտրություններ ապահովելու հարցում: --0--